1915-ը շոու չսարքեք

erdum4 Եթե արգելում եք, որ Ծիծեռնակաբերդի բարձունքը չվերածվի կեղծ երդմնակալության հրապարակի, ապա դա էլ հայրենասիրություն է:

Հայաստանը 2015 է մտնում Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, իշխող (կարդալ՝ կեղեքող) ՀՀԿ-ի գովաբանած հայ-թուրքական երկու արձանագրություններով:

Եթե մինչև Ապրիլի 24-ը չեք հրաժարվում այդ երկու փաստաթղթերից, որոնք իրականում ստորագրված, բայց չվավերացված պայմանագրեր են՝ ծանր պայմանագրեր, ապա ձեր մյուս քայլերը մեծ արժեք չունեն:

Այդ արձանագրություններով, դուք, պարոնայք, անուղղակի կերպով կասկածի տակ եք դրել Հայոց ցեղասպանության վավերականությունը, քանի որ համաձայնություն եք տվել պատմական հարթության ինչ-ինչ հարցեր քննարկել ձեր խիզախ թուրք գործընկերների հետ:

Այդ արձանագրություններով, դուք, պարոնայք, նաև ճանաչել եք ժամանակակից Թուրքիայի սահմանները, մի բան, որը ձեզանից առաջ արել է միայն Խորհրդային Հայաստանը 1921-ին:

Ու հիմա և մինչև Ապրիլի 24-ը ձեր բոլոր քայլերը՝ խորհրդաժողով կազմակերպել, Էրդողանին հրավիրել՝ առերեսվելու պատմությանը, Վիլսոնյան Հայաստանի քարտեզին հղում անել, ձեր բարոյազուրկ պատմաբաններին ու պալատական կուսակցություններին հրահրել ընդդիմության դեմ, իբր նրանք գործակալներ ու հինգերորդ շարասյուն են, պարզ քարոզչություն է լինելու: Պարզ, բայց նաև նողկալի:

Ցավալի է, որ 1915-ը դարձնում եք ձեր չունեցած հայրենասիրությունը քարոզելու միջոց: Ձեր օրինակով, պարոնայք իշխանավորներ ու Հայ դատը ինդուստրիայի վերածածներ, պետք չէ հերթական անգամ Հայաստանում մնացած 2 միլիոն հայերին ապացուցեք, որ ստահակի վերջին ապաստարանը հայրենասիրությունն է:

Հայրենասիրությունը կոնկրետ գործ է:

Եթե 1915-ի առաջն առնում եք Հայաստանը մաշող այս արտագաղթի, ապա դա հայրենասիրություն է:

Եթե վերջ եք դնում ստահակների խմբերի միջոցով ընդդիմությանը ծեծուջարդի ենթարկելու ձեր բարբարոսական կեցվածքին, եթե զսպում եք Սուրիկ Խաչատրյանի և նրա նմանների արյունարբու ախորժակը, եթե հիսուն-հիսուն փայ չեք մտնում, եթե դրամ-դոլար «խաղերով» չեք կողոպտում Հայոց ցեղասպանության ժառանգների ունեցվածքը, ապա անգամ դա է հայրենասիրություն:

Եթե արգելում եք, որ Ծիծեռնակաբերդի բարձունքը չվերածվի կեղծ երդմնակալության հրապարակի, ապա դա էլ հայրենասիրություն է: Սեփական ժողովրդի ունեցվածքը օրինական ճանապարհով բռնագրավող ԴԱՀԿ-ն էր երեկ երդվում այդ սուրբ վայրում, վաղը նման ցանկություն կունենան ուրիշները, որովհետև այդ ուրիշները նույնպես լսել են, որ ստահակի վերջին ապաստարանը հայրենասիրությունն է:

1915-ը պետք չէ վերածել վհուկների որսի: Երբ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենը «բացահայտում է 10-ից 9-ը» գործակալ լինելու դարի դավադրությունը, ապա նրա բերանով խոսում է ռեժիմը: Դա հիշեցնում է 1937-ը, երբ բոլշևիկ, «ստուկաչ» հայը մատնում էր ծպտյալ դաշնակցականին կամ հայրենադարձին: Հայաստանի և Սփյուռքի ժողովուրդը պետք է մերժի ու դատապարտի հայերի մեջ թուրքական գործակալներ փնտրելու անբարո կեցվածքը:

Եթե ձախողելու եք 1915-ը և արդեն այսօր համոզվել եք, որ չեք կարողանալու կրկնել 1965-ը՝ 50-ամյակի էֆեկտը, ապա որևէ մեկը պարտավոր չէ կրելու պատասխանատվությունը ձեր փոխարեն:

Ընդդիմությունը և ընդդիմադիրները չեն ստորագրել հայ-թուրքական երկու արձանագրությունները: Ոչ էլ նրանք են երկու տարի շարունակ գովաբանել այդ պայմանագրերը:

Նրանք չեն Գյուլին ու Էրդողանին հրավիրել Երևան:

Նրանք չեն զինանշանի վրայից Արարատ սարը ջնջել:

Նրանք չեն պնդել, թե իբր Աթաթուրքը հարյուրավոր հայ երեխաներ ու կանայք է փրկել:

Նաև, և առաջին հերթին, զգույշ մնացեք Թուրքիայից ու թուրքերից: Սիմոն Վրացյանը, արդեն Հայոց ցեղասպանությունից, Կարսի կորստից ու Առաջին Հանրապետության անկումից հետո է տվել «Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է» հանճարեղ ձևակերպումը:

Թուրքիան չի հեռացել մեր սահմաններից: Թուրքիան շնչում է Արարատի ստվերի տակ:

Զգույշ թուրքական վտանգից: