Ռուբեն Վարդանյան, փնթփնթացող լավատեսը. Financial Times-ի զրույցը

«Ես հաջողակ եմ դարձել և այսօր կարող եմ ձեզ հետ ունենալ իմ հարստության մասին այս զրույցը, որովհետև 100 տարի առաջ չորս միսիոներ գնացին մի խենթ վայր, որտեղ պատերազմ էր, և 150 երեխայի կյանք փրկեցին: Այժմ ես հարուստ մարդ եմ, ես ցանկանում եմ վերադարձնել…»,- ասում է Ռուբեն Վարդանյանը։

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի թղթակից Ջեք Ֆարչին զրուցել է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ՝ նրա մոսկովյան գրասենյակում։ Հոդվածը, որը վերնագրված է «Ռուբեն Վարդանյան, նախկին «Տրոյկա Դիալոգի» գլխավոր տնօրենը. փնթփնթացող լավատես», թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ռուբեն Վարդանյանը,- մարդ, որը ժամանակին համարվում էր ռուսական կապիտալիզմի գովազդային դեմքը,- զարմանալիորեն հանգիստ է իր շուրջ պայթող ճգնաժամի հարցում։ Նստած իր գրասենյակում՝ Մոսկվայի շքեղ գրասենյակային համալիրներից մեկում, որը նույնպես իրեն է պատկանում և զարդարված է իր կնքած գործարքների և սեփական հաջողությունների այլ խորհրդանիշերով՝ պարոն Վարդանյանի պատասխանը ռուբլու փլուզման և ռեցեսիայի փուլ մտնելու մասին տիպիկ ռուսական է՝ «ավելի վատ էլ է եղել»։

«Ամեն ինչ հարաբերական է,- ասում է նա և սկսում թվարկել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամերը վերջին քառորդ դարում՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։- 25 տարի այս երկրում լինելով և հետադարձ նայելով ես կարող եմ ասել, որ միշտ էլ մարտահրավերներ կան»:

46-ամյա պարոն Վարդանյանը դա շատերից ավելի լավ գիտի։ Նախորդ երկու տասնամյակներում Ռուսաստանի առաջատար ներդրումային բանկի՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին գլխավոր տնօրենը երկրի տնտեսական յուրաքանչյուր ճգնաժամի առաջին շարքերում է եղել։Ինչ-որ չափով պարոն Վարդանյանը կարող է իրեն թույլ տալ հանգիստ լինել։ «Տրոյկան» 2011-ին վաճառվեց Ռուսաստանի ամենամեծ բանկին՝ «Սբերբանկին»: Նա ավելի ուշ հրաժարվեց ընկերության առօրյա ղեկավարումից, թեև շարունակում է մնալ «Սբերբանկի» գլխավոր տնօրենի խորհրդականը։

Վարդանյանի նախկին գործընկերներից ու մրցակիցներից շատերը կարող են նախանձել նրան ներդրումային բանկը ժամանակին վաճառելու համար. վերլուծաբանները 2014-ին Ռուսաստանի ներդրումային բանկերի եկամուտների կտրուկ անկում են կանխատեսում, քանի որ բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը գրեթե դադարեցվել է արևմտյան պատժամիջոցների և այդ արժեթղթերի արժեզրկման արդյունքում։ Արևմտյան բազմաթիվ բանկեր իրենց մոսկովյան գրասենյակների աշխատակիցներին տեղափոխում են։

Սակայն պարոն Վարդանյանը համաձայն չէ, որ Ռուսաստանը ներդրումային բանկերի համար դարձել է ամայի տեղ։

Վարդանյանի խոսքով՝ ինչպես 1991-ին, երբ Խորհրդային Միության փլուզումը քաղաքական և տնտեսական մեծագույն պոռթկումներ առաջացրեց Ռուսաստանում, երկիրն այժմ մեկ այլ նման ճկման կետում է։

Նա 1991-ը լավ է հիշում որպես քսանն անց երիտասարդ. «Մոսկվայում էի և ինքս ինձ ասացի՝ ես ունեմ երկու ընտրություն: Մեկը՝ Խորհրդային Միությունը կմնա, ես կվերադառնամ և կարտագաղթեմ։ Երկրորդ ընտրությունն այն էր, որ Ռուսաստանը կկառուցի կապիտալիզմ։ Դա հսկայական հնրավորություն է»:

«Այժմ՝ 24 տարի անց, մենք նստած ձեզ հետ զրուցում ենք նույն բանի մասին»,- ասում է Վարդանյանը։ Ինչպես 1991-ին, պարոն Վարդանյանը Ռուսաստանում է՝ ընտրելու շուկային հարազատ ուղին։

«Այո, կլինեն վայրիվերումներ, կլինեն իրավիճակներ, երբ մարդիկ ավելի հուսահատ ու նյարդային կդառնան, ինչպես արդեն մի քանի անգամ եղել է նախկինում, բայց վերջին հաշվով սա անկասելի է… 20 տարի անց Ռուսաստանում շարունակելու է լինել շուկայական տնտեսություն»:

Դա ոմանց համար Մոսկվայում կարող է լավատեսական երևալ։ Վլադիմիր Պուտինը 2012-ին վերադարձավ իր նախագահության երրորդ ժամկետին, ինչը համընկավ բիզնեսում պետության ազդեցության կտրուկ աճի հետ։

Սա միտում է, որը խորացել է տնտեսական վերջին ճգնաժամի արդյունքում, ինչի վկայությունը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի տարեվերջյան ձերբակալությունն էր, որի նավթային ընկերությունը առգրավվեց և պետականացվեց։ Թեև պարոն Եվտուշենկովը վերջերս ազատ է արձակվել, այս դեպքը սառը զգուշացում էր մոսկովյան գործարար շրջանակների համար։

Պարոն Վարդանյանի սերնդակից բազմաթիվ ռուսներ, որոնք հասուն կյանք էին մտել 1990-ականներին և օգտվել Արևմուտքի առջև Ռուսաստանի բացվելուց, հեռանում են Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա։ «Իմ ընկերներից ոմանք ցանկանում են հեռանալ այս երկրից, նրանցից շատերն իրենց երեխաներին արդեն դուրս են ուղարկել»,- խոստովանում է Վարդանյանը։

Մեր զրույցի ամբողջ ընթացքում առաջին անգամ անցնելով ռուսերենի՝ Վարդանյանն իրեն նկարագրեց որպես «ворчащий оптимист»՝ փնթփնթացող լավատես։

«Երկիրն ապագա չունի ասելը և հետո ճիշտ դուրս գալը մխիթարանք չի կարող լինել, քանի որ նման սցենարի հետևանքն ամբողջ աշխարհը կկրի,- ասում է Վարդանյանը:- Գաղափարը, որ կարող ես արտագաղթել Իտալիա կամ Իսպանիա և այնտեղ լավ գինի խմել՝ սեփական երկրում առկա սթրեսներից զերծ, մեծ պատրանք է»:

Այդ ամենից ելնելով՝ ճանապարհը, որ նա ընտրել է, թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի ռուսական կապիտալիզմի վերելքի տարիներն այլևս չեն վերադառնա։

Ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարելով «Տրոյկան», մինչև այն վաճառելը, և «Ֆորբսի» գնահատմամբ՝ վաստակելով 850 միլիոն դոլար կարողություն, պարոն Վարդանյանն իր մեծ եռանդն ու հմայքն այժմ ուղղում է բարեգործության աշխարհին։

Ինչպես որ նա 1990-ականներին Ռուսաստանում ներդրումային բանկինգի ոլորտի առաջամարտիկն էր, այժմ էլ առաջամարտիկն է բարեգործության ոլորտում։

«Այսօր Ռուսաստանում մենք ունենք առաջին սերունդը, որ հարստություն է կուտակել և կարիք ունի ինչ-որ բան թողնելու հաջորդ սերնդին… սա 100 տարվա մեջ առաջին անգամ է։ 1917-ին դա կանգ առավ, և երեխաներին թողնելու ոչինչ չմնաց»:

Վարդանյանն ընդգծում է, որ Ռուսաստանում պաշտոնական վիճակագրությամբ 230 հազար մարդ կա, որ տարեկան 1 միլիոն դոլարից ավելի գումար է վաստակում: «Նրանք ուլտրա-օլիգարխներ չեն, սակայն եթե դու միլիոն դոլար ունես, դա արդեն մեծ գումար է։ Դու ուզում ես այդ գումարը հիմա՞ ծախսել, թե՞ ինչ-որ բարեգործություն անել։ Սա բարդ հարց է»:

Ինչպես ներդրումային բանկինգի դեպքում, պարոն Վարդանյանը երկու ոտքով ցատկել է բարեգործության աշխարհ: Նա կրթություն և ծառայություններ է մատուցում հարուստ այն ռուսներին, որոնք չգիտեն՝ ինչ անեն իրենց միլիոնները, բիզնես է ստեղծում, որը կսպասարկի բարեգործական նախաձեռնություններին, և խանդավառությամբ ներգրավվում է բարեգործությանը: Այնուամենայնիվ Վարդանյանը բարկանում է այդ բառի վրա. «Բարեգործություն սովորաբար նշանակում է՝ դու փող ես տալիս և մոռանում դրա մասին: Ես բավական եռանդուն ներգրավված եմ մենեջմենթի որոշումներ կայացնելու գործում։ Ինչպես կապիտալիզմի դեպքում… Կրելով ամբողջ այս ճնշումը, լինելով աննկուն ներդրումային բանկիր, բայց արդյունքներ ստեղծելով բարի գործերի համար»:

Վարդանյանը շատ ժամանակ ունի միայն բարեգործության համար, որը միլիարդատերերի շրջանում մոդայիկ է դարձել Բիլ Գեյթսի ու Ուորեն Բաֆեթի հանձնառության շնորհիվ, որոնք իրենց կարողության կեսը նվիրաբերել են դրան։ Վերջերս այդ գործին է ներգրավվել նաև Վլադիմիր Պոտանինը՝ «Նորիլսկի Նիկել» ընկերության գլխավոր տնօրենն ու բաժնետերը։

Պարոն Վարդանյանը համոզված է, որ Ռուսաստանի նման երկրում չի կարելի սպասել մինչև մեռնելը, որպեսզի փողդ նվիրաբերես։«Մեր դեպքում, համոզված եմ, որ մարդկանց մի մասը պետք է այդ գումարները ծախսի հիմա, որպեսզի դրամատիկ վերափոխումները հնարավոր դարձնի։ Որովհետև մեր երկրի նման երկրներում նման փոփոխությունների կարիքը շատ ավելի դրամատիկ է զգացվում, քան զարգացած երկրներում»:

Վարդանյանի չորս երեխաները կժառանգեն միայն սեփականություն։ Նա ասում է, որ ինքը և իր կինը իրենց հարստության մնացած մասը կծախսեն բարեգործական ծրագրերի վրա իրենց ամբողջ կյանքի ընթացքում։

Նրա ծրագրերից շատերը կենտրոնանում են Հայաստանում՝ նրա մանկության ու ծնողների երկրում, թեև նա անմիջապես հիշեցնում է, որ Հայաստանի անձնագիր և քաղաքական նպատակներ չունի։

Նա 80 միլիոն դոլար է ծախսում, ինչպես ինքն է ասում, ստեղծելու աշխարհի ամենաերկար ճոպանուղին դեպի 9-րդ դարի Տաթևի վանական համալիր՝ Հայաստանի հարավում, ինչպես նաև վերականգնում է վանքը։ Իսկ Հայաստանի հյուսիսում՝ Դիլիջանում, Վարդանյանը դպրոց է կառուցել, որը, հուսով է, որպես Համաշխարհային միացյալ քոլեջների ցանցի անդամ, աշխարհը կբացի երիտասարդ հայերի համար։

Նա ծրագիր է մշակում նշելու 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ մեծարելով այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք օգնել են փրկելու հայերի կյանքը։

Պարոն Վարդանյանը պատմում է, թե ինչպես է իր պապը երեխա ժամանակ փրկվել ցեղասպանությունից ամերիկացի միսիոներների որբանոցի շնորհիվ։

«Ես հաջողակ եմ դարձել և այսօր կարող եմ ձեզ հետ ունենալ իմ հարստության մասին այս զրույցը, որովհետև 100 տարի առաջ չորս միսիոներ գնացին մի խենթ վայր, որտեղ պատերազմ էր, և 150 երեխայի կյանք փրկեցին: Այժմ ես հարուստ մարդ եմ, ես ցանկանում եմ վերադարձնել…»: