Օբաման խոստովանում է՝ Ղրիմի բռնակցման և նավթի գնանկման միջև կապ կա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է արել՝ ըստ էության հաստատելով այն պնդումները, որ նավթի գների անկումը իրականացվել է Ռուսաստանին թուլացնելու և Ղրիմի բռնակցման համար նրան պատժելու նպատակով։

Նավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսի հունվարի 5-ի համարում անդրադարձ է կատարվում դեկտեմբերի 17-ին ամերիկյան NPR ռադիոկայանի հետ Օբամայի զրույցին, որի սղագրությունը նոր է տարածվել։ ԱՄՆ նախագահը խիստ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Դուք կհիշեք՝ երեք-չորս ամիս առաջ Վաշինգտոնում բոլորը համոզված էին, որ նախագահ Պուտինը հանճար է։ Եվ որ նա մեզ բոլորիս խորամանկությամբ շրջանցել էր ու հարկադրել և ռազմավարական ուղի հարթել Ռուսաստանի իշխանության տարածման համար: Այդ ժամանակ ես ասացի, որ մենք պատերազմ չենք ցանկանում Ռուսաստանի հետ, բայց մենք նրա վրա կարող ենք հաստատուն ճնշում գործադրել՝ աշխատելով մեր եվրոպական գործընկերների հետ՝ լինելով Ռուսաստանի կողմից մեկ այլ երկրի ինքնիշխանությունը խախտելու դեմ միջազգային կոալիցիայի ողնաշարը, և որ ժամանակի ընթացքում կերևա Ռուսաստանի ռազմավարական սխալը»:

«Դուք գո՞հ եք, որ նավթի գներն իջել են, և նրանց արժույթը փլուզվել է… կամ դա արդյո՞ք այն է, ինչի համար աշխատել եք» հարցին Օբաման պատասխանել է. «Եթե հիշում եք, նրանց տնտեսությունը կրճատվում էր, և կապիտալի արտահոսք կար դեռ մինչև նավթի գների անկումը։ Այս գործընթացում մեր տրամաբանական բացատրությունն այն էր, որ միայն նավթի գներն էին, որ Ռուսաստանի տնտեսությանը թույլ էին տալիս մնալ ջրի երեսին։ Եվ, իսկապես, մենք հաստատուն էինք պատժամիջոցների ճնշումներն օգտագործելու հարցում, որոնք ժամանակի ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը էապես խոցելի կդարձնեին, որ եթե կամ երբ նավթի գների անկում տեղի ունենար, որոշ ժամանակ անց, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի կամ դրանից հետո նրանք հսկայական դժվարություն կունենային տնտեսությունը կառավարելու հարցում»։

Օբամայի հայտարարությանը Պուտինը դեռ չի արձագանքել։ Արձագանքել է, սակայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է իրենց և Ռուսաստանի դեմ նավթային պատերազմ սկսելու մեջ։

Նավթի միջազգային գները 2014թ. հունիսից արագ անկում են արձանագրում՝ շուրջ 110 դոլար/բարել գնից 2015թ. հունվարին իջնելով մինչև ընդհուպ 53 դոլարի սահմանագծին։

Մեկնաբանել