Ալիևի ագրեսիվության մի քանի պատճառներ

2015-ը սկսվեց Արցախ-Ադրբեջան սահմանին նոր միջադեպերով և զոհերով: 2014թ. լարված ռիթմը փոխանցվում է նոր տարվան, և ցավոք, մենք դեռ լսելու ենք զոհերի մասին: Երկուսուկես տասնամյակ է, ինչ պատերազմի մեջ ենք, իսկ պատերազմը զոհեր է պահանջում: Ադրբեջանը վերջին տարիներին բացահայտ ագրեսիվ կեցվածք է դրսևորում, ինչը չի կարելի զսպել ո՛չ միջազգային հանրության կոչերով, ո՛չ էլ հատկապես ՀՀ արտգործնախարարության հայտարարությամբ: Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը կարող է զսպել միայն մարտունակ ու վճռական բանակը: Հենց վերջինիս շնորհիվ է, որ առայժմ լայնածավալ մարտական գործողություններ տեղի չեն ունենում:

Փորձենք հասկանալ Ադրբեջանում իշխող ռեժիմի ագրեսիվության պատճառները:

Ալիևների տոհմի իշխանության հարատևման համար կարևոր նշանակություն ունի ընդհանուր թշնամու դեմ ադրբեջանցիներին համախմբելու գործոնը: Խարազանելով հայերի կերպարը՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են կիսահայրենասիրական և ընդհանուր վտանգի հողի վրա համախմբել հասարակությունը բռնապետի շուրջ՝ միաժամանակ ոչնչացնելով հնարավոր բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին: 2014թ. այս գործընթացի գագաթնակետը եղավ, երբ ալիևյան իշխանության բազմաթիվ քննադատներ հայտնվեցին բանտերում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օգտին լրտեսության մեղադրանքով:

Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը, բանակում տեղի ունեցող մահերին հասարակության բուռն արձագանքը հույս էր ներշնչել ալիևյան ռեժիմին, որ նորանոր միջադեպեր հրահրելով՝ ներքաղաքական կոնֆլիկտներ կառաջացնի Հայաստանում, կահաբեկի հայկական հասարակություններին և պարտվողական ու զիջողական տրամադրություններ կառաջացնի: Սակայն 2014թ. օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած իշխանությունների դեմ համընդհանուր դժգոհությանը, հայկական հասարակությունները ցուցաբերում են աննախադեպ համախմբվածություն թշնամու ագրեսիվ գործողությունների պարագայում: Բանակում առկա մահերի դեպքում էլ հասարակության անհանգստությունը բխում է միայն սրտացավությունից, բանակում առկա արատավոր երևույթներն արմատախիլ անելու ցանկությունից: Վերջին տարիների բանակի բավականին բաց աշխատանքը հասարակության հետ, քննադատությունները հաշվի առնելը բերել են ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված մահացու դեպքերի նվազմանը:

Շանտաժային դիվանագիտության վրա շեշտ դնելով՝ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեին բանակցային այս կամ այն փուլից առաջ կամ հետո միջադեպեր հրահրելով զիջումների դրդել հայաստանյան որոշում կայացնողներին: Հայաստանյան իշխանությունների մի շարք պարտվողական հայտարարություններն արդարացնում էին ադրբեջանցիների այս մարտավարությունը:

Վերջին մեկ-երկու տարում այս պատճառներին ավելացել է նաև աշխարահաքաղաքական բաղադրիչը: Արևմուտք-Ռուսաստան սրված հակամարտության պարագայում արևմտյան երկրների համար ցանկալի է դարձել Ռուսաստանի սահմաններին մոտ հակամարտությունների բռնկումը: Ուկրաինայում նման մարտավարության հաջողությունը նրանց մոտ հույսեր է արթնացրել նաև այլ տարածաշրջաններում քնած ականներն աշխատացնելու համար: Մեծ պոտենցիալ ունեն Ղազախստանը, Միջին Ասիան և Հարավային Կովկասը: Վերջին տարում արցախյան ճակատում Ալիևի գործնական ակտիվությունը կարելի է պայմանավորել նաև Արևմուտքից ստացվող ազդակներով:

Պատճառների թվում չպետք է մոռանալ նաև ղարաբաղյան հակամարտության միջնորդ երկրներից Ռուսաստանի անթույլատրելի վարքը՝ հակամարտության կողմերից մեկին զինելը, որը չի թաքցնում ռազմատենչ նպատակները: Ադրբեջանին վեց միլիարդ դոլարի զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ագրեսիվությունը խրախուսող ու ողջունող քայլ:

Հայկական կողմերը պետք է ամեն ինչ անեն Ադրբեջանի ագրեսիվության այս պատճառները չեզոքացնելու, Ալիևների ռեժիմի համար բումերանգ դարձնելու նպատակով: Պետք է մշակվի և իրագործվի ադրբեջանական հասարակության հետ աշխատանքի ռազմավարություն, որի հիմքում կլինի իրականությունը. ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը և հայերի դեմ թշնամանքի սերմանման միակ պատճառը Ալիևների ռեժիմի դեմ ամեն մի ընդդիմախոսություն և քննադատություն ոչնչացնելն է, հասարակությունն ամբողջովին ռեժիմին ենթարկելը:

Հայաստանյան հասարակություն-բանակ հարաբերությունների զարգացումը կբերի այս կառույցի նկատմամբ վստահության պահպանմանն ու աճին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված դժբախտ դեպքերի վերացմանը:

Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն պարտվողական հայտարարություններից՝ առոչինչ դարձնելով շանտաժային դիվանագիտությունը:

Ռուսաստանի սահմանների մոտ անկայունությամբ հետաքրքրվածների ուշադրությունը պետք է հրավիրել Ադրբեջանի հյուսիսում առկա վիճակին, Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունների և մասնավորապես դաղստանյան ժողովուրդների իրավունքներին:

Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների վասալային հարաբերությունները հիմնական պատճառն են տարածաշրջանում Ռուսաստանի ցինիկ քաղաքականության համար: Միայն Հայաստանի ինքնիշխանության բարձրացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը թույլ կտա Ռուսաստանի զերծ պահել մեր թշնամիների զինանոցը համալրելուց: