Հունվարի 7-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6 հազ. կրակոց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է», – ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չի հերքել կամ հաստատել այդ լուրը։