Հարձակում ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի գրասենյակի վրա. կա 12 զոհ

Փարիզում անհայտ անձինք կրակ են բացել Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի մոտ: Ինչպես հաղորդում է Le Parisien պարբերականը, զոհվել է առնվազն 11 մարդ:

Բացի այդ՝ նախնական տվյալներով՝ ինքնաձիգներից արձակված կրակահերթի հետևանքով վիրավորվել է տասը մարդ, որոնցից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են:

«Երկու տղամարդ՝ զինված Կալաշնիկով տեսակի ինքնաձիգով և նռնակով, ներխուժել են Charlie Hebdo-ի գրասենյակ, որը տեղակայված է Փարիզի 11-րդ թաղամասում»,- ֆրանսիական iTELE հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ականատեսներից մեկը:

Միաժամանակ նշվում է, որ երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել են հեռանալ, վրաերթի են ենթարկել անցորդների:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն, գրում է The Guardian-ը:

Հատկանշական է, որ հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերի միկրոբլոգում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը:

2011թ. ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակը հրկիզվել էր անհայտ անձանց կողմից: Այս դեպքից մեկ օր առաջ պարբերականը իր գլխավոր խմբագիր էր հայտարարել Մուհամեդ մարգարեին: Պարբերականը հայտնի է նաև Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարների հրապարակումներով:

Մեկնաբանել