Մոնտեվիդեո-Ստեփանակերտ և հայ ժողովուրդի ինքնորոշման իրավունքը. Շահան Գանտահարյան

Shahan-Kandaharian213Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Մոնտեվիդեո-Ստեփանակերտ և հայ ժողովուրդի ինքնորոշման իրավունքը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ և կարևոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարևոր նախանշում կատարելով:

2015թ. հունվարի 4-ի ստորագրությունը կրող Մոնտեվիդեոյի հայտարարությունը բառացիորեն ասում է. «Արտգործնախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբի միջազգային և Ուրուգվայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր, և արտգործնախարարը բուռն կերպով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները, որոնք հետզհետե շարունակվում են: Նույնպես, նկատի ունենալով Մինսկի խմբի արած աշխատանքը, որի եզրափակմանը պիտի սպասի Ուրուգվայը ճանաչման առնչությամբ իր որոշումը որդեգրելու համար, շեշտել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հատկապես նկատի ունենալով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականության սկզբունքը` 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ»:

2011-ից ի վեր Արցախի ճանաչման միտող Ուրուգվայի հայտարարությունները` Ստեփանակերտ-Մոնտեվիդեո փոխադարձ այցելությունները, Արցախի Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայ և այս բոլորի զուգահեռ ճանաչում նախապատրաստող պաշտոնական հայտարարությունների հետևողական վարքագծում կարելի է դիտարկել հունվարի 4-ի հայտարարությունը:

Նահանգային և քաղաքապետական մակարդակների վրա արձանագրվող ճանաչման արշավին զուգահեռ այսուհանդերձ սա իրավական առումով առանձնացվող քայլ է՝ տվյալ պետության պաշտոնական խոսափողի կողմից ամրագրված: Այս ամփոփ հայտարարության մեջ արձանագրվում է.

Ա. Մոնտեվիդեոն խստորեն դատապարտում է Բաքվի ռազմատենչ վարքագիծը, հրադադարը խախտելու դեպքերը: Սա պատասխանատվությունների հավասարեցման այլևս անհեթեթ դարձած մոտեցումը շրջող կարևոր նշում է:

Բ. Ուրուգվայը հարգում է միջազգային պայմանավորվածությունը` բանակցային գործընթացը շարունակելու և դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն ընդունելու և հետևաբար նախքան որևէ որոշում կայացնելը, սպասելու միջնորդների կատարելիք եզրակացությանը:

Հայտարարության այս բաժինը ակնկալելի է, միջազգային ընտանիքի մաս կազմող որևէ պետությունից, որն ուղղակի կամ անուղղակի իր համաձայնությունը տվել է հակարմարտության լուծման համար միջնորդական առաքելության այս ձևաչափին: Սա հիշեցում է նաև ԵԱՀԿ-ի հարթությունից այլ հարթություն տեղափոխելու ադրբեջանական նկրտումները մերժելուն:

Սպասել եզրակացության, ապա հայտարարել պաշտոնական կեցվածքը: Իսկ պաշտոնական կեցվածքի նախաբանը արդեն կատարվել է: Հարգել հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գ. Սակայն հարցը միայն Արցախի ինքնորոշման իրավունքին չի վերաբերում: Հայտարարությունը, երբ խոսում է ընդհանրապես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նկատի է ունենում նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի հիմքն է, ըստ Ուրուգվայի արտգործնախարարության, 1918թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանները:

Սա արդեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածության ճիշտ տարբերակն է: Բայց սա դեռ միակը չէ:

Տարեվերջին որդեգրված Բոլիվիայի Ազգային ժողովի Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումը ուշագրավ էր հայրենազրկման (Արևմտահայաստանի նշումով ընդգծված) գաղափարի ներառումով: Հիմա, Հարավային Ամերիկայի մի ուրիշ մայրաքաղաք, միջազգային ընտանիքին կոչ է անում ճանաչելու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դիպաշարերը այստեղ ևս ունեն հետևողական տրամաբանություն: Հարավային Ամերիկան նպաստավոր ենթահող է քաղաքական աշխատանքներ կենտրոնացնելու թե´ Ցեղասպանության և թե´ ինքնորոշման իրավունքի պետական ճանաչումներ ապահովելու: Հայտնապես 100-ամյակին իբրև թիրախ ընտրված են այն երկրները, որոնք մեծ շահերով կապված չեն Անկարայի և Բաքվի հետ, և որոնք կարող են ավելացնել հայության պատմական թե ինքնորոշման իրավունքները ճանաչող պետությունների շարքը միջազգային ընտանիքում:

Անկարայի և Բաքվի հարցերը փոխկապակցելու խաղի կանոնները շրջվել են սրանով: Այսպիսով Մոնտեվիդեոն ազդարարում է, թե կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ կճանաչի Արցախի անկախությունը և Հայաստանի Հանրապետության նախախորհրդային սահմանները:

Մեկնաբանել