Մահացել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրով Երևան եկած լրագրողը

Հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է լրագրող Գայե Ջոշարը՝ չհաղթահարելով 2014թ. դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքները։

Գայե Ջոշարը 2014թ. նոյեմբերից Սիվիլիթաս հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող և հետազոտող Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծով։ Նախագիծը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի բաղադրիչներից մեկն է։

Գայե Ջոշարի մահվան կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Հրանտ Դինք» հիմնադրամը։

«Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Հայատանում` Երևանում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող ներգրավված էր Սիվիլիթաս հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան:

Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար:

Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի…

Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին:

Գալիք օրերի ընթացքում, ընտանիքի որոշումից հետո, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հոգեհանգստի արարողության վերաբերյալ»,- ասված է «Հրանտ Դինք» հիմնադրամի տարածած հայտարարությունում:

Սիվիլիթաս հիմնադրամը ևս խորապես վշտակցում է Գայեի հարազատներին, ընկերներին և գործընկերներին: