Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից (7արկ) և ՌՊԳ-7 (5 արկ) ու ԳՊ-25 (2 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
«Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին վերջին շրջանում համացանցում հայտնված տեղեկություններին, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն: Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները:
Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ»,- հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը` հիշեցնելով, որ «տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները»:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տարեսկզբից լարվածություն է տիրում: Հունվարի 2-ին լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել:
Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չէր հերքել կամ հաստատել այդ լուրը։
Հունվարի 7-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր շուրջ 6 հազ. կրակոց: