Ամանորը, Սուրբ Ծնունդն ու Ջրօրհնեքը` Եկատերինբուրգի հայկական եկեղեցում

Բարդ է ասել՝ որքան հայ է ապրում Եկատերինբուրգում (ըստ տարբեր տվյալների 12 հազարից, մինչև 30 հազար)․ նրանց մեծամասնությունն արդեն Ռուսաստանի քաղաքացիներ են, ոմանք օրինականացման ճանապարհին են, շատերն էլ ժամանակավոր աշխատանքի են եկել, սակայն կարելի է վստահորեն պնդել, որ նրանց բոլորին միայն մեկ բան կարող է համախմբել՝ եկեղեցին։

Հայկական համայնքը Եկատերինբուրգում ձևավորվել է դեռ 1988 թվականից, թեպետ, պաշտոնապես գրանցվել է 1994-ին։ Այստեղ գործում է նաև Կիրակնորյա դպրոց, որտեղ հայ երեխաներին սովորեցնում են հայերեն, հայոց պատմություն, ծանոթացնում են մեր մշակույթին և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երեխաները սիրեն ու հպարտանան իրենց հայրենիքով։ Կան նաև բազմաթիվ խմբակներ։ Այդուհանդերձ, այս ամենը լիարժեք չէր մինչև Ս․ «Հովհաննես Կարապետ» եկեղեցու կառուցվելը՝ 2013 թ․ հոկտեմբերի 12-ը, հենց այդ օրը հոգևոր տաճարն օծելու նպատակով Եկատերինբուրգ էին ժամանել Նորին Սուրբ օծություն Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Ցանկանում եմ հատուկ ուշադրություն սևեռել եկեղեցու ոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի անձի և գործողությունների վրա, քանի որ եկեղեցու շեմից ոտք ներս դրած յուրաքանչյուր հայորդի նրա լավագույն բարեկամն է։ Տեր Արիստակեսն այս 14 ամսվա ընթացքում հասցրել է ծանոթանալ և հաղորդակից լինել տեղի հայությանը հուզող բոլոր խնդիրներին։ Նա անհատապես ճանաչում է եկեղեցի հաճախող յուրաքանչյուր հավատացյալի, շատերին էլ ինքն է դեմքով դեպի Հայոց եկեղեցին դարձրել։

Այս ամենի վառ ապացույցին կարելի էր ականատես լինել Ամանորի գիշերը, Սուրբ Ծննդյան պատարագին ու Ջրօրհնեքի արարողությանը։ Այս օրերին եկեղեցու բազմամարդությունն ապշեցուցիչ էր։

«Ամանորը եկեղեցում դիմավորելն արդեն բարի ավանդույթ է դառնում մեր եկեղեցում։ Նախորդ տարի բազմաթիվ հավատացյալներ անսացին խորհրդիս և նոր տարին այստեղ միասին դիմավորեցինք։ Ինչպես տեսաք՝ այս տարի անհամեմատ շատ էին Ս․ «Հովհաննես Կարապետ» եկեղեցում նոր տարին սկսողները։ Բացվող տարին անկյունադարձային է ազգային կյանքի մեջ, քանզի Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի խորհուրդն է 2015 թ․ մեջ ամփոփված, և նախնյաց լույս հիշատակի առաջ հավատարմության ուխտով ու երդմամբ պիտի այն սկսենք»,- ասում է Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը։

Ամանորն ավետող մաղթանքից հետո եկեղեցու հոգևոր հովիվը նռան օրհնություն կատարեց: Կարգը սահմանել է Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետը և այսուհետ այն կդառնա Ամանորի խորհրդանշական ավանդույթներից մեկը: Վեհափառ հայրապետը նուռօրհնեքի կարգի հաստատումով պատգամում է՝ եկեղեցու տեսանելի, շոշափելի խորհրդանիշ ընկալել բարեբեր պտուղը:

«Ինչպես որ նռան հատիկներն են պաշտպանված կեղևով, այնպես էլ քրիստոնեաները՝ եկեղեցով, իսկ թագը խորհրդանշում է Քրիստոսի թագավորությունը»,- բացատրում է քահանան։

Հարյուրավոր մարդիք մասնակցեցին փառաբանական աղոթքին, ստացան օրհնված պտուղն ու չէին շտապում հեռանալ։

Իսկ Սուրբ Ծննդայն տոնին ու Ջրօրհնեքի արարողությանը եկեցում պարզապես տեղ չկար։

Հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Եկատերինբուրգի Ս․ «Հովհաննես Կարապետ» եկեղեցում Ճրագալույցի պատարագ մատուցվեց։

Պատարագի ընթացքում Տեր հայրն ավետեց Սուրբ Ծննդյան ավետիսը․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որին եկեղցում հավաքվածները արձագանքեցին․ «Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։

Հավարտ Սուրբ պատարագի խորանից իջեցվեց Սուրբ սեղանից վառված կանթեղը, որից հավատացյալները վառեցին մոմերը՝ կանթեղը որպես լույսի խորհրդանիշ տանելով իրենց տները։

Հաջորդ օրը Տեր հայրն ի նշան Քրիստոսի Սուրբ մկրտության, Ջրօրհնեքի սրբազան արարողություն կատարեց: Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հետևորդներ քահանայի ձեռքից ստացան օրհնված ջուրը, որի բուժիչ հատկությունների մասին անհամար պատմություններ կան:

Նշենք, որ Ս․ «Հովհաննես Կարապետ» եկեղեցու Ջրօրհնեքի խաչի կնքահոր պատվավոր պարտականությունը ստանձնեց եկեղեցու բարերար Համազասպ Պետրոսյանը:

Վարդան Մինասյան, Եկատերինբուրգից