Գյումրեցիները Սերժ Սարգսյանից պահանջում են գալ Գյումրի

Գյումրիում հունվարի 12-ին իրականացված սպանության կապակցությամբ ներկայում մի խումբ գյումրեցիներ հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում։

Ինչպես հաղորդում է Գյումրիից ՍիվիլՆեթի թղթակիցը, հավաքվածները դժգոհում են կատարվածից և պահանջում, որ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնարկի համապատասխան գործողություններ՝ հայտարարի սգո օր, ինչպես նաև անձամբ գա Գյումրի և տեսնի ողբացող տղամարդկանց, որոնք դուրս են գալիս թիվ 188 տնից։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասել է, որ իրենք հավաքվել են՝ քննարկելու հետագա անելիքները, քանի որ սա «առաջին դեպքը չէ, երբ ռուսական ռազմաբազայի կամ այնտեղ ծառայողների գործողությունների հետևանքով զոհեր են արձանագրվում»։

Ոստիկանությունում հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

2014թ․ ծնված Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։ Համաձայն առողջապահության նախարարության՝ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Սպանության մեջ կասկածվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ՍիվիլՆեթի թղթակցի փոխանցմամբ՝ ներկայում դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողութուններ։ Առայժմ հստակ տեղեկատվություն չկա կասկածյալի գտնվելու վայրի մասին։ Ամբողջ քաղաքում կան մեծ թվող ոստիկաններ, այդ թվում՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներ։ Ոստիկանները գտել են հանցագործի հետքերը և շների օգնությամբ շարժվում են այդ հետքերի ուղղությամբ։

Գյումրի տանող ճանապարհները հսկվում են։

Մեկնաբանել