Հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական ամսագրի 12 աշխատակիցներին սպանած Քուաշի եղբայրների հոգիների հանգստության համար Ստամբուլի Աջըզմենդի կրոնական միաբանության դերգահում (մենաստան, աղոթավայր) նամազ են արել: Այդ մասին Twitter-ում գրառում է կատարել Աջըզմենդի հոգևոր միաբանության առաջնորդ Մուսլիմ Գյունդուզը:
Նա ահաբեկչական գործողությունը որակել է որպես «օպերացիա» և ասել, որ քաջարի Քուաշի եղբայրները դժոխք են ուղարկել նսեմացնող ծաղրանկարների հեղինակներին:
«17 քաղաքացու մահվան պատճառ դարձած փարիզյան հարձակման շոկը դեռ շարունակվում է, իսկ Ստամբուլում ահաբեկիչների հոգիների հանգստության համար աղոթք է արվում»: Այսպես է տեղի ունեցած նամազը մեկնաբանել Demokrat.haber թուրքական կայքը: Ըստ Demokrat.haber-ի հրապարակման՝ Աջըզմենդի կրոնական միաբանությունը աչքի է ընկնում տարօրինակ ու աղմկահարույց միջոցառումներով:
Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Ստամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում անցկացված ցույցը: Շուրջ 50 մարդ հավաքվել է հրապարակում և համերաշխություն հայտնել Ֆրանսիային՝ դատապարտելով տեղի ունեցած ահաբեկչությունը: Երբ երթի մասնակիցները շարժվել են դեպի ֆրանսիական դեսպանատուն՝ նրանց վրա է հարձակվել երեք հոգուց բաղկացած մի խումբ, քաշքշուկ է սկսվել: Ի պատասխան ցույցի՝ ոմանք բացականչել են. «Մուսուլմանների արյունն են թափում, դուք ի՞նչ եք անում այստեղ»: