ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գյումրիի սպանության կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով Գյումրիում հունվարի 12-ին իրականացված սպանության կապակցությամբ։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Ցնցված ենք Գյումրիում սարսափելի ողբերգությունից։ Սգում ենք հայ ժողովրդի հետ։ Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին ու մերձավորներին։

Այս սարսափելի հանցագործությունը կատարածները պետք է կրեն ամենախիստ պատիժը։ Ներկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններն իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց նպատակը կատարվածի օբյեկտիվ և համապարփակ հետաքննությունն է։ Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի գտնվելու պայմանների վերաբերյալ համաձայնագրին լիովին համապատասխան»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունում հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

2014թ․ ծնված Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։ Համաձայն առողջապահության նախարարության՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Մեկնաբանել