Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվում․ դատախազություն

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Դատախազությունից տեղեկացնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները քննարկել են նախօրեին իրականացված սպանության գործի մանրամասները, և «երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

«Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է և գտնվում է Ռուսաստանի իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը հիշեցնում է, որ համանման արգելք է սահմանված նաև Հայաստանի Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում Հայաստանի որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության։

«Քննությունը վարում են Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները։ Քննությունն իրականացվելու է Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»,- նշում է դատախազությունը։

Ոստիկանությունում հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը։ Նրա նկատմամբ հունվարի 12-ին հայտարարվել էր հետախուզում։ Լույս հունվարի 13-ի գիշերը Պերմյակովը հայտնաբերվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս։

Պերմյակովը արդեն հարցաքննվել է և գտնվում է ռուսական ռազմաբազայում։

Մեկնաբանել