ՀԲ-ն վերագնահատել է գլոբալ աճը, Հայաստանում ակնկալում է 2.6% աճ

Համաշխարհային բանկը (ՀԲ) վերագնահատել է 2015-17 թթ. տնտեսական աճի իր կանխատեսումները։ Ըստ ՀԲ-ի՝ 2014թ. գլոբալ աճը սպասվածից պակաս է եղել՝ 2.6%` 3.2%-ի փոխարեն։ ՀԲ-ի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ այս տարի համաշխարհային տնտեսության աճը կարագանա մինչև 3%, իսկ 2016-17 թթ.՝ 3.3% և 3.2% համապատասխանաբար։ ՀԲ-ն 2014թ. Հայաստանում կանխատեսում է 2.6% աճ։

Համաձայն զեկույցի` համաշխարհային տնտեսության աճի հիմնական ռիսկերից մեկը նավթի գների անկումն է։

Ըստ ՀԲ-ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերը, որոնք 2013թ. կազմել էին 3.7%, 2014թ. դանդաղել են շատ ավելի զգալի չափով, քան ակնկալվում էր՝ մինչև 2.4%: ՀԲ-ի վերլուծաբանները սա պայմանավորում են նավթի գների անկմամբ, Ուկրաինայի տնտեսության թուլացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների առաջացրած ազդեցությամբ: 2014թ. Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են մինչև 0.7%:

2014թ. կտրուկ` մինչև 1.5%, դանդաղել են աճի տեմպերը ԱՊՀ-ում, ինչը գլխավորապես պայմանավորված է Ուկրաինայում արտադրության ծավալների կտրուկ կրճատմամբ: Ռուսաստանում արձանագրված անկումը բացասաբար է ազդել առևտրի և դրամական փոխանցումների վրա: 2014թ. առաջին կեսին Ղազախստանից Ռուսաստան արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 10%-ով, իսկ Ուզբեկստանից` գրեթե 20%-ով: Մյուս երկրների համար լուրջ հետևանքներ է ունեցել դրամական փոխանցումների ծավալների կտրուկ կրճատումը 2014թ. առաջին կեսին: Այս գործընթացն առավել լրջորեն ազդել է Տաջիկստանի և Ղրղզստանի վրա, որտեղ Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի 46%-ը և 29%-ը համապատասխանաբար:

Հայաստան և տարածաշրջան

ՀԲ-ի զեկույցի համաձայն` 2015թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 3.3%: ՀԲ-ն Հայաստանի համար 2016թ. և 2017թ. կանխատեսում է 3.7% և 4.1% տնտեսական աճ համապատասխանաբար:

Ըստ զեկույցի՝ 2014թ. արդյունքներով Հայաստանում կարձանագրվի 2.6% աճ, թեև անցյալ տարվա իր հունվարյան զեկույցում ՀԲ-ն 5% աճ էր կանխատեսել Հայաստանի համար:

ՀԲ-ի մասնագետների կարծիքով` Վրաստանում այս տարի կարող է արձանագրվել 5%, Ադրբեջանում` 4.4%, Թուրքիայում` 3.5%, Իրանում` 0.9% տնտեսական աճ:

Ըստ կանխատեսումների` 2014թ. տնտեսական աճի տեմպերի կտրուկ դանդաղումից հետո 2015-2017 թթ. Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանում կնկատվի տնտեսական չափավոր վերելք՝ միջինը` 3.5%, սակայն երկրների միջև զգալի տարբերություններով: Ակնկալվում է, որ Ռուսաստանում 2015թ. կանխատեսվող 2.9% անկումը և համաշխարհային ֆինանսական պայմանների աստիճանական վատթարացումը որոշ չափով կհավասարակշռվեն պահանջարկի ոչ մեծ աճով եվրոգոտու երկրներում, քաղաքական լարվածության թուլացմամբ և օգուտներով, որոնք էներգակիրներ ներկրողները կստանան միջազգային շուկայում դրանց գների իջեցումից:

Ուկրաինայի տնտեսության հեռանկարները չափազանց անորոշ են, թեև եթե լարվածության հետագա ուժեղացում տեղի չունենա, տնտեսական ակտիվության առավելագույն անկումը բաժին կընկնի 2015թ., իսկ 2016-2017 թթ. տեղի կունենա դրա աստիճանական վերականգնում: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի էներգակիրներ արտահանող երկրներին, ապա զարգացող շուկաների (նախևառաջ խոսքը Չինաստանի և Ռուսաստանի մասին է) նրանց առևտրային գործընկերների տնտեսական աճի դանդաղումը և հում նավթի ու հիմնական հումքային ապրանքների ցածր գների պահպանումը, ինչպես անկնալվում է, կդառնան տնտեսական աճի տեպմերի դանդաղման պատճառ 2015թ., որին 2016-2017 թթ. կհաջորդի վերականգնումը:

Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը մեծապես կախված և խոցելի են Ռուսաստանի աշխատաշուկայից՝ այնտեղից եկող դրամական փոխանցումների կարևորության պատճառով: Գյուղատնտեսական ապրանքների, մետաղների և հումքի գների նվազումը, ինչպես ակնկալվում է, կվատթարացնի այս երկրների առևտրի պայմաններն ու կնվազեցնի առևտրային հաշվեկշիռը:

ԱՊՀ երկրների համար լուրջ ռիսկ է հումքային ապրանքների գների կամ Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքի կտրուկ կամ չափավոր նվազումը:

Սյուզաննա Հովհաննիսյան

Մեկնաբանել