Ոստիկանությունը հետամուտ է լինելու Գյումրիի սպանդի «լիարժեք բացահայտմանը»

Ոստիկանությունը հանդես է եկել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության վերաբերյալ պարզաբանմամբ՝ նշելով, որ «հետամուտ է լինելու ինչպես Հայաստանի տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը»։

«Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը»,- ասված է հայտարարությունում։

Անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով հունվարի 12-ին սպանել էր Գյումրիի բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում էր ռուս զինվորական Վալերի Պերմյակովը։ Նրա նկատմամբ հունվարի 12-ին հայտարարվել էր հետախուզում։ Լույս հունվարի 13-ի գիշերը Պերմյակովը հայտնաբերվել էր Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս։

Պերմյակովը արդեն հարցաքննվել է և գտնվում է ռուսական ռազմաբազայում։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 13-ին հայտարարել էր, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:

Հունվարի 14-ին Պերմյակովին ներկայացվել է սպանության մեղադրանք:

Մեկնաբանել