Իրավիճակի համարժեքության զգացումը կորցնելու մասին է խոսում նաև այն, որ այս բարդ օրերին Սերժ Սարգսյանը պատեհ է համարում այցելելու և հետևելու շախմատի ինչ-որ մրցաշարի:
Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե Հայաստանի իշխանությունը որքան կտրված է իրականությունից: Լրատվամիջոցների կողմից հունվարի 12-ի հանցագործության հաղորդումից հետո իշխանության դրսևորած բոլոր քայլերը հեռու էին ադեկվատ կոչվելուց:
Հանցագործությունը շոկի ենթարկեց հասարակությանը, լուրը շատ արագ տարածվեց բոլոր լրատվամիջոցներով: Սերժ Սարգսյանը «սելեկտորային խորհրդակցություն» հրավիրեց, որի ընթացքում շեշտվեց ամենակարճ ժամկետում հանցագործության մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Սակայն, ինչպես միշտ, Սարգսյանը ձախողեց:
Ըստ տարածված լուրերի՝ հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալել են ռուսական իրավապահ մարմինները, և տեղափոխել ռուսական 102-րդ ռազմաբազա: Նախ դա եղել է Հայաստանի իշխանությունների ամենամեծ բացթողումը, որ թույլ են տվել ռուսական իրավապահ մարմիններին Հայաստանի տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնել: Հետո, ռուսական իրավապահ մարմնի կողմից Պերմյակովին ձերբակալելուց հետո Հայաստանի իշխանությունները հանրությանը որևէ բացատրություն չներկայացրին, թե ինչու է Պերմյակովը հայտնվել ռուսական իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները ևս մասնակցություն են ունեցել նման իրավիճակի ստեղծմանը: Իրականում, եթե Հայաստանն արգելեր Ռուսաստանի իրավապահ մարմիների որոնողական աշխատանքները, ապա նման ճգնաժամ չէր ստեղծվի: Ռուսաստանը ցանկացած իրավիճակում փորձելու է հետապնդել իր շահերը, և այդ շահերը կարող են սահմանափակվել Հայաստանի շահերով… իշխանության ադեկվատ գործունեության դեպքում:
Հանրության շրջանում լայն բողոք է առաջացավ նաև այն բանից հետո, երբ մասնագետները կարծիք հայտնեցին, որ Պերմյակովը պետք է գտնվի Հայաստանի իրավազորության ներքո:
Իշխանության մոտ քար լռություն էր: Միայն այն բանից հետո, երբ Գյումրիում կրքերը թեժացան, և քաղաքացիները ցույց կազմակերպեցին ռուսական ռազամաբազայի մոտ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշեց գնալ Գյումրի և բացատրություններ տալ իրենց որոշումների ու պետական ինստիտուտների վարքագծի մասին: Ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին, Կոստանյանը ձախողել է իր այդ առաքելությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հանցագործությունը պարտակելուց հետո որևէ մեկը Կոստանյանին չէր վստահելու, ինչքան էլ իրավաբանորեն հիմնավորումներ ներկայացներ: Չնայած նրա ներկայացրած իրավական հիմնավորումներն էլ քննարկման առարկա են:
Կոստանյանը նաև հանրային ճնշման ներքո հայտարարեց, որ նամակ կգրի Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որպեսզի Պերմյակովին հանձնեն Հայաստանին: Իրականում սպանության կասկածյալի որոնողական աշխատանքների սկզբից էլ հանրային պահանջ էր ձևավորվում, որպեսզի կասկածյալը դատվի Հայաստանում: Սակայն իշխանությունները դա չհասկացան, ավելին խորացրին ճգնաժամը իրենց ամենաթող վարքագծով: Բացի դրանից, Կոստանյանը միայն հանրային ճնշումից հետո հասկացավ, որ նման բան պետք է կատարել:
Հունվարի 15-ի երեկոյան իշխանության՝ իրավիճակին անհամարժեք վարքագիծը հասցրեց նրան, որ քաղաքացիները որոշեցին շարժվել դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսություն, որի արդյունքում բախում տեղի ունեցավ ոստիկանների հետ և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան քաղաքացիներն ու ոստիկանները:
Գյումրիի բախման ամենամեծ պատասխանատուն իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որն իր «սելեկտորային խորհրդակցությունների» միջոցով ոչ մի հարց չի կարողացել լուծել, ավելին՝ խորացրել է ճգնաժամը: Ադեկվատության պակասը, օրենքի տարրին անհամապատասխան վարքագիծը, հանրային պահանջը հաշվի չառնելը և վերջապես՝ տոկոս խփելու ցանկության ձախողումը Գյումրիում հանգեցրել են նման իրավիճակի:
Հ․Գ․
Իրավիճակի համարժեքության զգացումը կորցնելու մասին է խոսում նաև այն, որ այս բարդ օրերին Սերժ Սարգսյանը պատեհ է համարում այցելելու և հետևելու շախմատի ինչ-որ մրցաշարի: