Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացնում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի գործով ձեռնարկվող քննչական եւ դատավարական միջոցառումների մասին:
Նշվում է, որ քննչական խումբը ներկայում գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների՝ հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։
«Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաեւ` դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այդպիսիք հայտնաբերելու դեպքում տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները։
Միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչեւ Ավետիսյանների տուն հասնելը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով պարզվել է 6 անձի սպանության մեջ մեղադրվողի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. ըստ քննության տվյալների՝ նա տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքը շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։
Դեպքի վայրում կատարված զննության եւ լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերվել է 28 հատ պարկուճ, 2 հատ չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի են ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ է հասցվել ընտանիքի յոթ ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով: