Երևանը՝ էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում

Երևանն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից, որը, 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով:

Վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրների խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական և սոցիալական ակտիվության չափորոշիչների:

Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան:

Հարկ է նշել, որ համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը: