2014-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը մեծացել է 2,5 անգամ

2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումները և Կենտրոնական բանկի տվյալներով՝ կազմել է 151,5 միլիարդ դոլար:

Սա 2,5 անգամ ավել է, քան 2013-ին, երբ կապիտալի արտահոսքը կազմել է 61 մլրդ դոլար, և մոտ 20 մլրդ դոլարով ավել է, քան ճգնաժամային 2008-ին. այն ժամանակ երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 133,6 մլրդ դոլար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2014թ. նոյեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը կապիտալի արտահոսքը տարվա կտրվածքով կանխատեսել էր 128 մլրդ դոլարի չափով: Այսպիսի թվերի մասին էր խոսում նաև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կապիտալի առավելագույն արտահոսք է գրանցվել 2014-ի վերջին եռամսյակում` 72,9 միլիարդ դոլար, որը 4,3 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2014 թվականի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը կազմել է 48,5 միլիարդ դոլար, երկրորդ եռամսյակում` 22,4 միլիարդ դոլար, իսկ երրորդ եռամսյակում` 7,7 միլիարդ դոլար:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ կապիտալի արտահոսքը տեղի է ունեցել ավանդների դոլարացման աճի, բնակչության և ընկերությունների կողմից կանխիկ արտարժույթի գնման, պատժամիջոցների պատճառով վերաֆինանսավորման սահմանափակ հնարավորության պայմաններում ռուսական մասնավոր սեկտորի արտաքին պարտքի մարման հաշվին:

Միաժամանակ՝ այս շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած տնտեսական ֆորումի մասնակիցները համակարծիք են եղել հարցում, որ մոտ ժամանակներում Ռուսաստանի բանկային համակարգում նոր ցնցումներ են սպասվում:Ռուս և արտասահմանյան փորձագետները համակարծիք են եղել նաև նրանում, որ Ռուսաստանի տնտեսության խնդիրները կառուցվածքային բնույթ են կրում:

Մեկնաբանել