Սերժ Սարգսյանին անկյուն կկանգնեցնեին. Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է հարցին, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը սգո օր չհայտարարեց Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Սուգ հայտարարելը նշանակում է, որ Հայաստանում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների դեսպան-փոխդեսպանները պարտավոր պիտի լինեին գնալ նախագահական պալատ, գրառում անեին, ցավակցեին, իսկ բոլոր այն երկրներում, որտեղ մենք դեսպանատուն եւ հյուպատոսարան ունենք, այդ երկրների իշխանությունները պիտի այցելեին, ցավակցեին, մեր դրոշներն ամենուր պիտի խորհրդանիշ կրեին կամ մի քիչ իջեցվեին՝ սրանցից բխող ղալմաղալներով։ Ի՞նչ կտար դա մեզ…հիշատակը տալ առնելու համար չեն հարգում։

Կարո՞ղ էր Սերժիկը նման բան անել: Չէր կարող, առնվազն որովհետեւ վախենում էր, որ Մոսկվայից կզանգեին իրեն, անկյուն կկանգնեցնեին։ Ֆրիկի փողոցի արանքներից մեկում, որ…շատ չհեռանա տարածքից։

Բայց ինֆոբլոկադա չկարողացան անել»։

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի են ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ է հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:

Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի հունվարի 16-ի ուղիղ եթերում որպես ականատես պատմել է նախորդ երկու օրերին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների մասին: