Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, զոհերի հարազատները

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ շարունակվում է ակտիվ քննչական և դատավարական միջոցառումների իրականացումը հաղորդում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարևանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռևս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության:

Ինչպես այս, այնպես էլ քրեական գործով նշանակված մյուս փորձաքննությունների արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի՝ դրանց եզրակացություններն ստանալուց հետո:

Քրեական գործի շրջանակում իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստանի պատկան մարմիններին ուղարկելու նպատակով հունվարի 15-ին վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն.

Հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրավոր պատասխանի համաձայն` միջազգային քննչական հանձնարարությունն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:

Քրեական գործով քննության ընթացքի մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մեկնաբանել