Դինքը կանխազգում էր մահը

Ալին Օզինյանը 2006թ. հոկտեմբերին զրուցել է Հրանտ Դինքի հետ, որն էլ դարձել է «Ակօսի» խմբագրի թերևս վերջին հարցազրույցը: Զրույցի ընթացքում Դինքը բարձրաձայնել է իր` սպանության թիրախ լինելու մտավախության մասին: Այս տարիների ընթացքում հարցազրույցը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: ՍիվիլՆեթը Դինքի մահվան 7-րդ տարելիցի նախօրեին հրապարակում է հարցազրույցը: Այն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

2006թ. հոկտեմբերի կեսերն էր: Հրանտի հետ համաձայնության եկանք ու որոշեցինք հանդիպել «Ակօսի» գրասենյակում: Մոտավորապես 30 թուրք ակադեմիկոսների, լրագրողների, քաղաքագետների և մտավորականների հետ «Թուրքիայում տիրող զգայական և գիտակցական մթնոլորտը Հայկական հարցի խնդրում» ծրագրի շրջանակում հարցազրույցներ էի անցկացրել. նրանցից շատերի հետ ինձ Հրանտն էր ծանոթացրել: Հիմա էլ հարցերին պատասխան տալու հերթը նրանն էր: Գրասենյակում մթնոլորտը ջերմ էր, անմիջապես սկսեցինք զրուցել: Ընկերական զրույցի ընթացքում մի քանի անգամ ձայնագրիչն անջատեցինք, և նա իր անհանգստությունների մասին հայտնեց: Այն ժամանակ նրա ասածներն ինձ այնքան էլ հավանական չթվացին. հիմար սցենարն իրականացավ ընդամենը երկու ամիս հետո: Երբ ավարտեցինք հարցազրույցը, մտածում էինք, թե ես իմ տված հարցերով, նա էլ իր պատասխաններով, լավ ներդրում ենք արել տիրող իրավիճակի համար. մի տեսակ ուրախացել էինք:

Հրանտի հետ ամենավերջին անգամ խոսեցի 2007թ. հունվարի 16-ին, երբ Երևանում էի: Ծրագիրը գրքի վերածելու համար կարծիքներ էի հարցնում: Զրույցը կարճ տևեց: Ասաց. «Արի՛ այստեղ, երես առ երես կխոսենք»: Այն ժամանակվանից հետո շատ անգամներ գնացի Ստամբուլ, սակայն ոչ մի անգամ երես առ երես չխոսեցինք այլևս…

Մեզ կպատմեք, թե ինչպե՞ս, ինչո՞ւ և ո՞ւմ մտահաղացմամբ հիմնադրվեց «Ակօսը»:

– Քանի որ «Ակօսը» որոշվեց հրատարակել Թուրքիայի հայկական համայնքի կարիքներից ելնելով, ուստի նրա հիմնադրումը դժվարին խնդիր հանդիսացավ: Բայց «Ակօսը», հակառակ մի շարք բացասական արձագանքների, լույս տեսավ: Մինչ այդ մի շարք խնդիրներ ու կարիքներ էին առաջ եկել. համայնքում միայն հայերենով հրատարակումն արդեն բավարար չէր, քանի որ մարդկանց մեծ մասն Անատոլիայից էին եկել, իսկ նրանք թրքախոս էին: Տեղեկատվության լուրջ պակաս կար համայնքում, որովհետև մարդիկ հայատառ մամուլին չէին հետևում: Եվ հետո ներփակված ապրող հասարակությունն ինքնին բերում էր դժվարություններ` նրան հարկավոր էր բացել: Անհրաժեշտ էր պայքարել: Թուրքական հասարակությունը հայկական համայնքն այլ կերպ էր ընկալում. «հայ» բառը մի ժամանակ հայհոյանք էր համարվում, այն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ էին կապում, գտնում էին, որ նա առնչություններ ունի ԱՍԱԼԱ-ի հետ: Թուրքիայում Ղարաբաղի հարցը քննարկելիս համայնքի ներսում մեծ անհանգստություն և տագնապ էր տիրում:

Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները և ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար:

Այդ ժամանակվա պատրիարք Ղազանչյանը մի օր մեզ իր մոտ կանչեց և ասաց, որ «Սաբահ» թերթում տպագրվել է մի հայ կրոնականի և Աբդուլլահ Օջալանի լուսանկարը, իսկ լուսանկարի տակ գրված է եղել. «Ահա հայի և ՔԱԿ (PKK) համագործակցության վկայություն»: Վեհափառն այն ժամանակ ինձ ասաց` սուտ է, որ այդ կրոնավորը հայ է, և ինձ ու այդ պահին այդտեղ գտնվող մի քանի ընկերներին հարցրեց, թե ինչ ենք կարծում այդ մասին: Ես իմ տեսակետները հայտնեցի, ասացի, որ այլևս չլռենք և մամլո ասուլիս հրավիրենք: Համարձակ արարք էր, ամբողջ տեղական և արտասահմանյան մամուլն էր հավաքվել ու շատ հաջող անցավ: Տպավորությունն աննկարագրելի էր: Այդ հավաքույթից հետո ես կարծիք հայտնեցի, որ ամեն առիթի ասուլիս կազմակերպելն անիմաստ է, պետք է ավելի հստակ քայլերի դիմել: Դրա փոխարեն այս թերթը հիմնելու գաղափարն առաջ քաշեցի:

Ես և իմ մի քանի ընկերներն էինք զբաղվում այդ գործով: Ավելի ուշ ընկերներս հեռացան, և գործն ինձ մնաց: Մի կողմից էլ ուզում էինք, որ սա երիտասարդների համար «ինտելեկտուալ խոհանոց» լինի ու կարողանանք երիտասարդներից սոցիոլոգներ, գաղափարապես զարգացած մարդիկ պատրաստել:

Հիմնադրման ընթացքում և հետագայում ինչպիսի՞ պրոբլեմների հանդիպեցիք:

– Առաջին խնդիրը համայնքի պահպանողականությունը ճնշելն էր: Հայատառ մամուլը մեր հանդեպ հակակրանք էր տածում: Եղան մարդիկ, որոնք կարծում էին, թե մենք վեց ամիս կամ լավագույն դեպքում մեկ տարի կգոյատևենք, բայց արդեն 10 տարի է, ինչ գործում ենք:

Որոշ մարդկանց աչքում թուրքերենով տպագրվելը հետընթաց քայլ էր: Այն դեպքում, երբ թուրքերենն օգտագործելով մենք ջանում էինք լավ բան անել հասարակության համար: Իմ կարծիքով` նրանք արդեն համոզվել են:

Երբ հիմնեցիք թերթը, կարծո՞ւմ էիք, որ լավ կլինի, որ թուրքերն էլ կարողանան հայ համայնքին և մամուլին հետևել:

– Մեր հիմնական նպատակներից մեկն այս հասարակության համար մեծ հասարակության պատուհան, դուռ լինելն էր. կարծում եմ սա է մեր հաջողությունը, երկու հասարակություններն սկսեցին ներթափանցել իրար մեջ:

Կարողացանք մեր սեփական խնդիրները Թուրքիայի խնդիրների համատեքստում քննարկել: Մեր կարծիքով` միայն այս ձևով էր հնարավոր խնդիրները լուծել` Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհով: Շուտով համայնքն էլ սկսեց հասարակության հիմնական խնդիրների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել, հայ հասարակությունը «Ակօսի» հետ միասին սեփական ինքնության համար ավելի խիզախաբար պայքարեց, իրեն պաշտպանված զգաց, սկսեց չվախենալ:

Կպատմե՞ք Թուրքիայում խմբագիր լինելու, թերթ հրատարակելու ու նաև փոքրամասնության համար թերթ հրատարակելու առանձնահատկությունը: Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ Ձեր տեսակետները:

– Փոքրամասնության համար թերթ հրատարակելը հատուկ դժվարություն չի ներկայացնում: Եթե Թուրքիայում սկզբունքային խմբագիր չլինես, եթե որոշակի քաղաքական ուղղվածություն չունենաս, ավելի շատ պատկերազարդ լուրերով հետաքրքրվես, մասնագիտական որևէ դժվարության չես հանդիպի: Իսկ եթե որոշակի գաղափարներ ունեցող լրագրող ես, իհարկե, դժվարություն կունենաս:

Վերջին տարիներին մամուլի ազատության հետ կապված սովորական դժվարություններ ենք ունենում, Թուրքիայի քրեական նոր օրենսգրքով և մամուլի օրենքով առաջ եկավ որոշակի վերահսկողություն, մենք էլ մեր բաժինն ենք ստանում` թերթը մի քանի անգամ հավաքվեց…

Ես կարծում եմ, որ նաև քաղում ենք մեզ բաժին ընկածից ավելին ու դրա միակ պատճառը ևս հայկական հարցի շուրջ մեր ունեցած կեցվածքն է: Համոզված եմ, որ սա է պատճառը, սակայն դեռ չենք հրաժարվել, շարունակելու ենք:

Խոսենք Եվրամիության մասին` տեսականորեն ո՞րն է Եվրամիության նշանակությունը Թուրքիայի համար: Թուրքիան անպայման պետք է անդամագրվի՞ Եվրամիությանը:

– Սա Թուրքիայի համար անվերադարձ ընթացք է: Անհրաժեշտ է լավ հասկանալ Թուրքիայի` Եվրամիություն մտնելու պատճառը, սա ցանկություն չէ: Սրա պատճառը վախն է: Ու քանի որ վախենում է, այս գործընթացում դանդաղ է առաջանում: Ինչո՞ւ է վախենում: Անորոշության վախ է, և այս վախը փոխադարձ է: Այս վախի պատճառով է, որ շարունակվում է այս գործընթացը և, հետևաբար, ոչ մի դեպքում հետդարձի ճանապարհ չունենք:

Եթե Թուրքիան ղեկավարող ռազմական կառույցները մինչև այսօր Եվրամիությանը հստակ ոչ ասեին, այս գործընթացը, ըստ էության, այս վիճակին չէր հասնի: Եթե Եվրամիությանը չանդամագրվենք, մի օր ՆԱՏՕ-ից էլ ստիպված կլինենք դուրս գալ: Բացի այդ` գործընթացը դանդաղ է ընթանում գուցե նաև այն պատճառով, որ չկա առանձնապես մեծ ցանկություն Եվրամիությանն անդամագրվելու: Ես բնավ չեմ կարծում, որ ինչ-որ զարգացում կկարողանա այս գործընթացի առաջընթացը կանգնեցնել, գուցե կարող է դանդաղեցնել, սակայն չեզոքացնել այն հնարավոր չէ…

Եթե նայենք Հանրապետության պատմությանը, Թուրքիայի ներքին զարգացման վրա ազդող հիմնական երեք ժամանակաշրջան կար: Առաջինը սառը պատերազմի ժամանակաշրջանն էր. այն ժամանակ պետությունը ձախակողմյան ուժերի հետ խնդիր ուներ և ոչնչացրեց նրանց: Երկրորդ շրջան, երբ կրոնական ուժերն Իրանում իշխանության գլուխ եկան, Թուրքիայի կրոնականները պահանջում էին իրենց մասնակցությունը երկրի քաղաքականությանը, իսկ այսօր եկան իշխանության: Երրորդ փուլը Եվրամիության անդամակցության գործընթացն էր, ու մինչ այդ Թուրքիայի վրա ոչ մի բան այսչափ ներգործություն չէր ունեցել: Այս գործընթացը Թուրքիայում գտնվող ոչ մի խմբի միասեռ չթողեց: Այսօր և՛ զինվորականների, և՛ բյուրոկրատների, և՛ ակադեմիական շրջանների, և՛ մամուլի մեջ Եվրամիության դեմ հանդես եկող ուժեր կան:

Ո՞րն է ամենից մեծ խնդիրը Թուրքիայի եվրոպականացման և արդիականացման գործընթացում:

– Վերևների կողմից ներքևից եկող արձագանքներին հակազդելը և վերևների օրենքները: Սրանք են առաջին խնդիրները: Երկրորդ մեծ խոչընդոտը վերևների վախն է: Թուրքիան Օսմանյան կայսրությունից ավելի փոքր տարածք է զբաղեցնում, այս պատճառով էլ վախենում է, որ կարող է ավելի փոքրանալ: Սա կարելի է անվանել որպես «Սևրի սինդրոմ»: Թուրքիայում յուրաքանչյուր փոփոխության կասկածով, վախով են մոտենում: Այս պատճառով էլ փոփոխությունների ընթացքը Թուրքիայում դանդաղ է ընթանում:

Թուրքիան Արևմուտքի և Արևելքի միջև և անցատեղի է, և երբեմն էլ պատնեշ կարող է լինել: Ես Թուրքիայում գտնվող պատնեշը համարում եմ Մալաթիան: Մալաթիայի արևմուտքը և արևելքը մեկը մյուսից տարբեր աշխարհներ են: Թուրքիան իրականում ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, բայց միևնույն ժամանակ կախում ունի և՛ արևմուտքից, և՛ արևելքից: Քանի որ իրադրությունն այդպիսինն է, ուստի կարծում եմ, որ Թուրքիայից արագ հարմարվողականություն սպասելն արդարացված չէ:Փոփոխությունների հեշտ չիրագործվելու ամենից մեծ պատճառներից մեկն էլ Թուրքիայում կառուցված շենքն է` արհեստականորեն ստեղծված վերին ինքնությունը: Նոր պատմություն, նոր լեզու ստեղծվեց և պարտադրվեց հասարակությանը: Այս պատճառով էլ, վախենում են ծանոթանալ իրենց իսկական, սեփական պատմության հետ: Ամեն մի այլ պատմական մեկանաբանություն այս ինքնության համար երկրաշարժի ազդեցություն կարող է ունենալ: Սա նաև վախեցնում է Եվրոպային, քանի որ երկրաշարժը նաև սպառնալիք է իր համար: Այս ինքնությունը կարող է նաև փլվել, բայց թե ում վրա, արդեն հարցական է…

Եվրամիության պահանջներին համապատասխանելու գործընթացում մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում բարեփոխումներ կարող են իրականացվել: Ըստ Ձեզ` սա դրական արդյունքներ կարո՞ղ է ունենալ:

– Այդ հարցում բոլորովին կասկած չունեմ, բայց դժվար գործընթաց է: Օրենքներ կհրապարակվեն, դրանք կյանքի կոչելը դժվար կլինի` ընդդիմացողներ կլինեն… Բայց մտածողության փոփոխությունն անհրաժեշտ է, ժողովրդավարացումը բավականաչափ կփոխի մտածողությունը, ինչքան փոփոխվի մտածողությունը, այնքան ժողովրդավարացումը կարագանա:

Սակայն որոշ իրավիճակներում նկատվում է ժողովրդի անհանգստությունը: Օրինակ, խոսքի ազատությունը հայրենիքի դավաճանություն է դիտվում (Թուրքիայի քրեական օրենսգիրք, 301-րդ հոդված), հավատքի ազատությունը, խղճի ազատությունը (գլխաշորը) կարող է հետադիմություն ընկալվել: Սրա պատճառը ո՞րն է, իրականում ժողովուրդը այս բարեփոխումներին պատրաստ չէ՞:

– Այսօր Թուրքիայում խոսվում է ազգայնական ուժերի բարձրացման մասին, բայց ես չեմ հավատում, որ աճում է ազգայնականությունը. այն աճեցվում է որոշ մարդկանց օգնությամբ: Վերջին երկու տարիներին սա ավելի ակնհայտ դարձավ: Այս մարդիկ աշխատում են Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունները մոդելավորել:

«Արդարություն և զարգացում» կուսակցությանը տապալելու հաշվարկներ են անում: Բայց ոչ մի պատճառաբանություն չունեն ոչ տնտեսական, ոչ էլ ժողովրդավարական իրավունքների առումով, մնում է ազգայնականներին ոգևորելը… և դա արվում է ամենուր, նահատակների հուղարկավորության ժամանակ, Հռոմի Պապի այցի ժամանակ, ԵՄ-ի դեմ…

Իմ կարծիքով` այս արձագանքների ամբողջ ցավը մեր առաջիկա ընտրություններն են: Այս մարդիկ չեն ուզում տեղ տալ կրոնականներին կառավարության մեջ, տեսնենք` ինչ է լինելու:

Դուք կարծում եք, թե Թուրքիայում էթնիկական հիմքի վրա հենվող տարբերություններ կա՞ն: Սա հրահրող պատճառների և դրանից բխող հետևանքների մասին կկարողանաք խոսե՞լ:

– Ինչ վերաբերում է էթնիկ արմատներին, անկասկած տարբեր վերաբերմունքներ կան: Սրա ամենից պարզ օրինակը. եթե նման բան չլիներ, այսօր գլխավոր շտաբում, ռազմական ուժերում, ոստիկանությունում, տարբեր պետական պաշտոններում, նախարարություններում կլինեին ոչ մուսուլմաններ, նաև հայեր: Սա հրահրող գլխավոր պատճառը անվտանգությունն է: Թուրքիան փոքրամասնություններին անվտանգությանը համատեքստում է արժեքավորել և որպես անվտանգության հարց է նայում:

Ես չեմ հորինում, կան թվաբանական արձանագրություններ: Լոզանի արձանագրություններում նշվող 300 հազար հայ բնակչությունից այսօր 60 հազարն է մնացել, 13 միլիոն թուրք բնակչությունն էլ 70 միլիոնի է հասել: Երբ մեկը աճում է, մյուսն ինչպե՞ս է պակասում. որովհետև փոքրամասնություններին պետք էր պակասեցնել: Կարևոր բեկումնային կետեր ի հայտ եկան, ունեցվածքի հարկը, 1955 թ. սեպտեմբերի 6, ի դեպ այս շրջանում ինչ եղել եղել է: Բացի դրանից` հայերն էլ մտածելով ապահովության մասին` ելնելով տնտեսական և բարոյական խնդիրներից, լքեցին Թուրքիան:

Մեկ այլ փաստ էլ կա. Թուրքիայում ցանկացած դպրոցական դասագրքում փոքրամասնությունների, հայերի հետ կապված տվյալներ չեք գտնի, միայն Ազգային անվտանգության դասագրքում փոքրամասնություններին վերաբերող տվյալներ կան: Նախակրթարանում անգամ չկա, օրինակ «Ալի՛, գնդակը Հակոբին գցիր», այսպիսի նախադասություն չեք գտնի, Ալին գնդակը միշտ կգցի Վելիին, երբ նայում ենք սրանց, մենք չկանք…

Միայն Ազգային անվտանգության դասագրքում կարելի է գտնել հայերի, այն էլ Թուրքիայի հետ չար խաղեր խաղացող բաժնում:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

– Կարելի է խոսել գոյություն չունեցող հարաբերություններից. Հայաստանի անկախությունից հետո ոչ մի հարաբերություն չեմ տեսնում: Նախ ԱՄՆ-ը փորձեց քայլեր անել, հետո ԵՄ-ն, բայց ապարդյուն: Կա ցանկություն, սակայն օգուտ չի տալիս:Թուրքիան դեռ չի ընտելացել այն մտքի հետ, որ Հայաստանը Կովկասում անկախ պետություն է: Բայց այնտեղ մի պետություն կա, հարևան կա, անհրաժեշտ է սա ըմբռնել և հարաբերություններ սկսել: Երբ ձախողվում է պետական քաղաքականությունը, տեղը զիջում է ժողովրդավարական քաղաքականությանը: Քաղաքացիության բնագավառում հարաբերություններ հաստատելու փորձեր կան, բայց շատ քիչ, թույլ:

Ձեր կարծիքով` 1915թ. դեպքերը ինչպե՞ս պետք է բնութագրել:

– Ինձ համար ցեղասպանություն է, կասկած իսկ չունեմ:

Որո՞նք են Ձեր տեսակետները Հայաստանի կողմից առաջարկվող առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների և Թուրքիայի կողմից առաջարկվող պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ:

– Թուրքիայի կեցվածքը ընդհանրապես անկեղծ չեմ համարում: Գտնում եմ, որ հայկական կողմինը շատ ավելի անկեղծ է:

Ինչո՞ւ, կարծում եք պատմաբանների հանձնաժողովը որևիցե արդյունք չի՞ տա:

– Այո՛, բոլորն էլ գտնում են, որ պատմաբանների հանձնաժողովը որևէ արդյունք չի տա: Արդյունքի չհասնելով` առանց հարաբերությունների քաղաքականությունը շարունակվելու է: Թուրքիայի ընտրած ճանապարհը սա է` ոչ մի հարաբերություն: Կարծում եմ` Ադրբեջանը ևս նման քաղաքականություն է պարտադրում Թուրքիային: Հայկական կողմն ավելի անկեղծ է և ավելի շատ ցանկություն ունի:

Ինչպե՞ս եք վերաբերվում երրորդ երկրների` այս թեմային միջամտելուն և խորհրդարաններում ընդունվող ցեղասպանության մասին օրինագծերին:

– Իմ տեսակետն այս օրինագծերում շատ ռոմանտիկ կարելի է համարել, բայց տեսակետիցս չեմ հրաժարվում: Ես կարծում եմ, որ մինչև այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում աշխարհն էլ Թուրքիայի նման երկերեսանիորեն է վարվում: Աշխարհն այս իրականության մասին վաղուց գիտի, այն ժամանակ նրանք իրենց դերակատարումը, ազդեցությունն ունեցան: Այժմ` տասնամյակներ անց, Ֆրանսիան ճանաչում է, իմ կարծիքով այստեղ բարոյական որևէ դիրքորոշում չկա: Բարոյական կեցվածքի նման չէ, որովհետև այս գործը Թուրքիայի հետ հարաբերություններում որպես հաղթաթուղթ, անցաթուղթ են օգտագործում:Որպես հայ, ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը միջազգային թատերաբեմում քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Ես սրան չեմ դիմանում, ես ընդվզում եմ, այս տեսանկյունից ես երրորդ երկրներին նշանակություն չեմ տալիս: Գտնում եմ, որ այս խնդիրն անհրաժեշտ է լուծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Ոչ թե պատժիչ օրինագծերով, այլ բարոյականությամբ է անհրաժեշտ լուծել: Բարոյականությունում պատժիչ օրինագծերի կարիք չունենք, մեր խիղճն էլ բավարար է: Ես հավատում եմ, որ այս երկու երկրները կարող են հաղթահարել, բայց չեմ ուզում դեռ ինչ-որ բան ասել …

Դուք ևս հայերին խմբավորո՞ւմ եք որպես հայաստանցիներ, սփյուռքահայեր և թուրքահայեր, երբ խոսքը գնում է Հայկական հարցի մասին:

– Ոչ միայն այս խնդրում, ընդհանուր առմամբ եմ ես այդպես գտնում: Սփյուռքի համար Թուրքիան հեռու և անդիմադրելի երկիր է, Հայաստանի համար մոտ, հարևան և կախվածության մեջ պահող երկիր է:

Իսկ Թուրքիայի հայերի համար Թուրքիան իրականում իրենք են: Չնայած` նման բան ասելով` ես չեմ ուզում հայերին առանձնացնել միմյանցից ու պաշտպանել թուրքական տեսակետը: Թուրքիան բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատի, բայց այս երկու պետություններն, իհարկե, պետք է երկխոսության մեջ մտնեն, այս հարցը նրանց միջև պետք է լուծվի: Թուրքիայի հայերին, ըստ էության, երկխոսության մեջ ներգրավվելը խոսակցության թեմա չէ, քանի որ նրանք այս երկրի քաղաքացիներ են:

Որպես Թուրքիայի քաղաքացի Ձեզ անհանգստացնո՞ւմ է հայթուրքական սահմանի փակ լինելը: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որն Ադրբեջանի հետ հարցերն ընդունում է որպես սեփական խնդիր և Հայաստանի հետ հարաբերություններում նախապայմաններ է դնում:

– Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ հաստատվեցին Դեմիրելի կառավարության շրջանում: Եվ Թուրքիան մինչ օրս փորձում էր Հայաստանի հետ հարաբերությունները ձևավորել հայ-ադրբեջանական հարաբերություններից ելնելով:Ճիշտն ասած` Թուրքիան Ադրբեջանին բարկացնել չի ցանկանում` Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով: Ղարաբաղի հիմնահարցի առիթն օգտագործելով` Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս Հայաստանի հետ հարաբերություն հաստատել:

Թուրքիայում հայտնի ոչ մի ազգայնական իշխանություն հակաադրբեջանական լուծման չի գնա: Այս քաղաքականության կողմնակիցն է նաև Թուրքիան, որը չի ողջունում Հայաստանի` որպես հարևան երկրի գոյությունը:

Սկզբում Թուրքիան Հայկական հարցը ոչնչացրեց, բայց Հայաստանի անկախության նվաճմամբ հարցը կրկին հարություն առավ: Թուրքիան հանկարծակի ուրվական տեսավ, ու առաջացավ նորից նույն հարցը` ի՞նչ անել Հայաստանի հետ: Թուրքիան փնտրտուքի մեջ էր, երբ Ղարաբաղի հարցը օրակարգ եկավ և Թուրքիան չորս ձեռքով կառչեց դրանից, չարախնդաց, վազեց օգնության: Ասաց. «Սա ինձ երկար ժամանակ կբավարարի»: Ահա սա էլ այս քաղաքականության շարունակությունն է…

Ըստ Ձեզ` Թուրքիայի հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակողն է և պատմության մեջ

– Ես ոչ ոքից պատասխանատվություն, ներողություն չեմ սպասում: Ես մի մարդ եմ, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը:Իմ գլխում ո՛չ հող, ո՛չ դրամական փոխհատուցում, նման բաներ չկան: Ինձ համար կարևոր է վերականգնել անցյալում խզված հարաբերությունները, իմանալ, թե ովքեր և ինչ հանգամանքներ դեր խաղացին: Եվրոպական երկրներն էլ կարող են դրական դեր խաղալ և փոխհատուցել իրենց մեղքերի համար ու փորձեն մեղմացնել այս տարաձայնությունը` գտնելով տնտեսական և մշակութային փոխշահավետ հենահարթակներ երկու երկրները մոտեցնելու համար:

Կարելի՞ է ասել, որ այս հարցում «Միության և առաջադիմության» դերը շատ մեծ էր:

– Սա միայն մեկ խմբի մեղքը չէ, նրանց աջակցող, թիկունքից օգնող և արարքների հանդեպ աչք փակողներ կային, այսօր էլ դեռ կան մարդիկ, որ չեն ցանկանում, որ իրականությունը ջրի երես դուրս գա: Եթե պատասխանատվություն եք փնտրում, պատասխանատուներ շատ կան, յուրաքանչյուրն իր բաժինն ունի, բայց սա հիշեցնելն իմ պարտականությունը չէ: Շատ ռոմանտիկ է գուցե, բայց յուրաքանչյուրն ինքը պետք է ընդունի իր մեղքը…

Եթե փորձենք վերլուծել, որո՞նք են երկու կողմի հիմնական խնդիրները:

– Վերքեր կան, վախեր, չկամեցողություն, կան նաև թշնամություններ… Այսօր նոր երկյուղներ կան, հայաստանցիների մեջ էլ կան այս երկյուղները և անհրաժեշտ է դրանց ուշադրություն դարձնել: Հայաստանցիներն իրենց Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճնշված են զգում` աջից և ձախից խեղդող երկու պետություն կա: Այս վախը, այս անանվտանգությունը կարևոր հանդիկապ է, անհրաժեշտ է սա պատվաստել: Պետք է անկեղծ ձևով բացատրել, որ Թուրքիան կարող է Հայաստանի ընկերը լինել: Հայկական կողմն էլ պետք է խելացի վարվի. ներկա իրավիճակից պետք է դասեր քաղել: Անկախ Հայաստան կա, բայց շուրջը տնտեսական շրջափակում իրականացնող երկու պետություն կա, իսկ հյուսիսում` շարունակաբար ապերախտաբար վարվող Վրաստան, և Հայաստանը միայն հարավում կարող է շունչ քաշել, բայց այնտեղ էլ մոլլայական վարչակարգ է, որը պարզ չէ` ինչքա՞ն կարող է շարունակվել:Անհրաժեշտ է, որ Սփյուռքը սրա մասին նստի ու մտածի: Հարկավոր է, որ Հայաստանն իր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատի և, իհարկե, Եվրամիությանն անդամակցի: Եթե այսօր Հայաստանը Եվրամիության անդամ լիներ, Թուրքիան ոչ թե նրան, այլ Եվրոպային էմբարգոյի կենթարկեր:

Սփյուռքը տարբեր երկրների խորհրդարաններում այսպիսի օրինագծեր անցկացնելու փոխարեն թող սեփական երկրներին համոզի, որ Հայաստանին Եվրամիություն ընդունեն: Նրանց պետք է պատմությունը, իրենց պատասխանատվությունները հիշեցնել, որովհետև այսօրվա իրավիճակում նրանք իրենց բաժին մեղքն ունեն: Սփյուռքը պետք է կարողանա ասել` գոնե սա՛ արեք: Սա առաջ գնալու իմ բանաձևն է և մենք անցյալի քայլերի համար սա եվրոպացիներից կարող ենք պահանջել:

Մեկնաբանել