Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու հարցը լուծվելու է քաղաքական մակարդակով. RBC

Հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի ճակատագիրը կախված կլինի ՌԴ իշխանությունների քաղաքական կամքից, ռուսական RBC կայքի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել երկրի ուժային կառույցների ներկայացուցիչը:

«ՌԴ պատկան մարմինների ղեկավարությունը դեռ վերջնական կարծիք չի ձևավորել այն հարցում, թե ինչպես լուծել 18-ամյա ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական հետապնդման հետ կապված իրավական հակասությունը»,- ռուսական կայքին ասել է ուժային կառույցների ներկայացուցիչը:

«Ինչ վերաբերում է քննությանը, ապա նման միջադեպեր ամեն օր տեղի չեն ունենում, և պատրաստի որոշումներ մենք չունենք»,- ասել է RBC-ի զրուցակիցը:

Մյուս կողմից, ինչպես ռուսական կայքին պարզաբանել է ՌԴ փաստաբանների ռազմական կոլեգիայի իրավաբան Վլադիմիր Տրիգնինը, Պերմյակովն արդեն գտնվում է ռուսական իրավազորության տակ, և ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ չի կարող հանձնվել այլ երկրի:

«Եթե նույնիսկ նա հանցագործությունը կատարել է ռազմակայանի սահմաններից դուրս՝ մեկ այլ պետության տարածքում, այժմ նա գտնվում է ռուսական ռազմակայանի տարածքում, իսկ դա ՌԴ իրավազորությունն է, և նրան հանձնելու հիմքեր չկան: Ավելին՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ցույցերը, հիմքեր կան ենթադրելու, որ նրա իրավունքները կարող են խախտվել»,- կարծում է Տրիգնինը:

Հինգերորդ կայազորային ռուսական զինվորական դատարանի (տեղակայված է Երևանում) ներկայացուցիչ Սերգեյ Սարումովն էլ կայքին տեղեկացրել է, որ քրեական գործի ընդդատության հարցը դեռ լուծված չէ:

Ինչպես գրել է կայքը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հարցը մեկնաբանելուց:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում սպանդի է ենթարկվել Մյասնիկյան փողոցի տներից մեկում ապրող Ավետիսյանների ընտանիքը։ Սպանվել է վեց հոգի։ Վերապրել է միայն ընտանիքի վեցամսյա անդամ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, որն ընդունել է մեղքը։

Հունվարի 14-15-ին Հայաստանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք պետական գերատեսչությունների մոտ. Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսության, ռուսական 102-րդ ռազմաբազայի և Շիրակի մարզի դատախազության մոտ, Երևանում՝ Ռուսաստանի դեսպանության, ՀՀ նախագահի նստավայրի մոտ և Ազատության հրապարակում։

Գյումրիում տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակից ավելի քաղաքացի, այդ թվում՝ ոստիկան, տեղափոխվել էր հիվանդանոց։