Այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է

2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու Դինքի հիշատակի ոգեկոչման արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ:

Երևանում ժամը 17:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուռ քայլերթ է լինելու դեպի Օպերայի հրապարակ:

Թուրքիայում նախատեսված են բազում միջոցառումներ: Ստամբուլում՝ նախորդ տարիների պես, հազարավոր մարդիկ են փողոց են դուրս գալու և Թաքսիմ կենտրոնական հրապարակից շարժվելու են «Ակօսի» խմբագրատուն, որի մուտքի մոտ էլ սպանվել է հայ լրագրողը:

«Դինքի ընկերների» տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915-ի 100-րդ տարելիցն է և Հրանտ Դինքի սպանության գործը ծածկելու, ապացույցներն անտեսելու, մարդասպաններին պաշտպանելու, պետական համակարգում ներգրաված սպանության հանցակիցներին թաքցնելու, դատարանի առջև նրա հիշատակի արարողություն անցկացնելու 8-րդ տարին»:

Հրանտ Դինքին նվիրված հիշատակի արարողություններ են կազմակերպվելու նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Բուրսայում, Իզմիրում, Ալեքսանդրեթում: Պոլսահայ լրագրողի հիշատակը ոգեկոչելու են նաև Փարիզում, Լիոնում, Վիենայում, Բրյուսելում, Տորոնտոյում և այլուր:

Հրանտ Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում էր Հայոց ցեղասպանության հարցը, խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված և տաբու հանդիսացող շատ թեմաներ: Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նրա սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար:

Դինքի դատավարությունը վերջնականապես չի ավարտվել: Հրանտի ընտանիքը և փաստաբանները վստահ են, որ սպանության հետևում կա ահաբեկչական կառույց, որ պետական օղակներում աշխատողները ևս անմասն չեն սպանության գործին: