Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հունվարի 19-ին Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
Ինչպես հաղորդում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Հովսեփյանը Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։
Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաստրիկինը այսօր կգա Հայաստան։
***
Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում սպանդի է ենթարկվել Մյասնիկյան փողոցի տներից մեկում ապրող Ավետիսյանների ընտանիքը։ Սպանվել է վեց հոգի։ Վերապրել է միայն ընտանիքի վեցամսյա անդամ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, որն ընդունել է մեղքը։
Հունվարի 14-15-ին Հայաստանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք պետական գերատեսչությունների մոտ. Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսության, ռուսական 102-րդ ռազմաբազայի և Շիրակի մարզի դատախազության մոտ, Երևանում՝ Ռուսաստանի դեսպանության, ՀՀ նախագահի նստավայրի մոտ և Ազատության հրապարակում։
Գյումրիում տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակից ավելի քաղաքացի, այդ թվում՝ ոստիկան, տեղափոխվել էր հիվանդանոց։