Վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացել է, հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով: Երեխան Երևան էր տեղափոխվել հունվարի 13-ին, Գյումրիում նախորդ օրը նրան վիրահատել էին:

Հունվարի 16-ին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ենթարկվել էր երկրորդ վիրահատությանը․ կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարվել էր դրենավորում:

Հունվարի 18-ի երեկոյան վեց ամսական Սերյոժայի վիճակը կտրուկ վատացել էր։

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:

Մեկնաբանել