Ռուսաստանի տնտեսությունը 2015թ. կտրուկ անկում կապրի.ՎԶԵԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2015թ. Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ անկում է կանխատեսում: Բանկի՝ հունվարի 19-ին հրապարկած զեկույցի համաձայն՝ 2015թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը անկում կապրի 4,8%-ով՝ 2014-ի սեպտեմբերի 0,2%-ի համեմատ:

«Նավթի գների նվազումը մեծացրել է ճնշումը առանց այդ էլ փխրուն Ռուսաստանի վրա և ազդել է էներգակիրներ արտահանող երկրների ու զարգացող այլ երկրների տնտեսական աճի վրա, որոնք սերտ կապեր ունեն Արևելյան Եվրոպայի խոշորագույն տնտեսության հետ»,- ասված է զեկույցում:

Բանկը իր գործունեության երկրներում 2015-ին ՀՆԱ-ի 0,3%-ով անկում է կանխատեսում, մինչդեռ 2014թ. սեպտեմբերին 2015-ի համար կանխատեսել էր 1,7% աճ:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ անգամ այս կանխատեսումը զգալի ռիսկերի է ենթարկվում՝ պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես՝ նավթի գների հետագա անկում, ուկրաինական ճգնաժամի հետագա սրում և եվրոգոտում անորոշության հնարավոր մեծացում:

«Նավթի գների նվազումը երկու անգամ ավելացրել է Ռուսաստանի խնդիրները, որի տնտեսական աճը դանդաղում է անորոշության մեծացման, ինչպես նաև ներդրողների կողմից վստահության նվազման պատճառով, ինչը, իր հերթին, 2014թ. սահմանած պատժամիջոցների արդյունք է: Նավթի գների նվազումը բացասաբար է ազդել էներգակիրներ արտահանողների՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի վրա»,- ասված է զեկույցում:

Ըստ ՎԶԵԲ-ի՝ ռուբլու արժեզրկումը մեծացրել է ճնշումը Ռուսաստանի հետ տնտեսական սերտ կապեր ունեցող երկրների վրա: Բանկը 2015-ին Հայաստանի և Մոլդովայի տնտեսությունների ստագնացիա է կանխատեսում՝ սեպտեմբերյան կանխատեսման համապատասխանաբար 3,5% և 4% աճի համեմատ: Բանկը Բելառուսում 2015-ին տնտեսական աճի 1,5% անկում է կանխատեսում:

Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ 2015թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 3,3%: ՀԲ-ն Հայաստանի համար 2016թ. և 2017թ. կանխատեսում է 3,7% և 4,1% տնտեսական աճ համապատասխանաբար: Ռուաստանում, ըստ ՀԲ-ի, 2015թ. կարձանագրվի 2,9% տնտեսական անկում:

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը Ռուսաստանում 2015թ. կանխատեսում է ՀՆԱ-ի 5,5%-ով կրճատում: Գործակալությունը օրերս իջեցրել էր նաև Հայաստանի վարկանշային վարկանիշը: