Սերժ Սարգսյանը ցավակցել է վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել հունվարի 19-ին վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց:

Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով: Երեխան Երևան էր տեղափոխվել հունվարի 13-ին, Գյումրիում նախորդ օրը նրան վիրահատել էին: Հունվարի 16-ին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ենթարկվել էր երկրորդ վիրահատությանը։ Հունվարի 18-ի երեկոյան վեց ամսական Սերյոժայի վիճակը կտրուկ վատացել էր։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով: