Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել գյումրեցի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
«Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ։
Մինչև վերջին րոպեն մենք բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, որի կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս շատ էինք սպասում դրան և հավատում։
Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է։ Չկան այնպիսի բառեր, որ ինչ-որ կերպ թեթևացնեն տեղի ունեցած սարսափելի ողբերգության ցավը։ Սակայն այս պայմաններում էլ անհրաժեշտ է մարդ մնալ։ Մեծ մասն ամեն ինչ հասկանում է։ Սուգը վիշտ և աղոթք է։
Մենք բոլորս պետք է դաս քաղենք կատարված ողբերգությունից և անենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի։ Կարող ենք վստահեցնել, որ հանցագործը և նրաք, ովքեր կարող էին կանգնած լինել նրա հետևում, կկրեն արժանի պատիժը»,- ասված է հայտարարությունում։
***
Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ասմսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։
Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով: