Թուրքիան կօգնի Փերինչեքին ներկայանալ Եվրադատարանում

Ստամբուլի ծանր հանցագործությունների 4-րդ դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ կիրառվող արգելքը, որի համաձայն նա չէր կարող դուրս գալ Թուրքիայի սահմաններից: Դա նշանակում է, որ Փերինչեքը հնարավորություն կունենա մասնակցել հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին:

Փերինչեքն անցնում էր «Էրգենեքոնի գործով» և մեղադրվում էր զինյալ ահաբեկչական խմբեր ստեղծելու ու ղեկավարելու, իշխանությունը բռնի ուժով տապալելու փորձի և Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ ապստամբություն հրահրելու մեջ: 2013թ. նա դատապարտվեց 117 տարվա ազատազրկման, սակայն 2014թ. մարտին ազատ արձակվեց՝ երկիրը չլքելու պայմանով:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 9-ին հայտարարել էր, որ չնայած Փերինչեքը Թուրքիայի տարածքը լքելու իրավունք չունի, սակայն ինքը կողմ է, որ նա մասնակցի դատավարությանը: Օրեր անց թուրքական դատարանը հանեց այդ արգելքը:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը հետևյալն է. Շվեյցարիայում կայացած մի կոնֆերանսի ժամանակ Փերինչեքը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և այն անվանել սուտ: Շվեյցարիան, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունած առաջին երկիրն է, 2007-ին թուրք գործչին դատապարտել էր կրելու թե՛ քրեական, թե՛ ֆինանսական պատիժ:

2013թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշեց, որ շվեյցարական դատարանը խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Թուրքիան ողջունեց այդ քայլը՝ մեկնաբանելով, թե ՄԻԵԴ-ը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Հայության շրջանում այն մեծ վրդովմունք առաջացրեց:

ՄԻԵԴ-ի՝ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի գործով կայացրած որոշման կապակցությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել աշխարհի տարբեր երկրներում ապրող ավելի քան երեսուն ցեղասպանագետներ և պատմաբաններ, որոնք փետրվարի 14-ին բաց նամակ էին ուղղել Շվեյցարիային:

ՄԻԵԴ-ի՝ Դողու Փերինչեքի գործով վճռին անդրադարձել էր նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Հոլոքոստը չեք կարող ժխտել, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումն ազատ է» վերնագրով հոդվածում հեղինակն ընդգծում է, որ Եվրադատարանը, արդարացնելով Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին, «երկակի չափանիշներ է կիրառում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հարցում»։

Սակայն Շվեյցարիան բողոքարկեց ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի գործով որոշումը, և հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի վերին պալատում քննվելու է գործը:

Դողու Փերինչեքը նաև «Թալեաթ փաշա կոմիտե»-ի ղեկավարներից է: Կոմիտեն Թուրքիայում և նրա սահմաններից դուրս զբաղվում է Թալեաթ փաշայի գործունեության գովերգմամբ և Հայոց ցեղասպանության ժխտմամբ: Ըստ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Փերինչեքին երկրի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու նպատակով դատարանին էր դիմել նաև «Թալեաթ փաշա կոմիտեն»:

Գործին մասնակցելու համար Թուրքիան պաշտոնական պատվիրակություն է կազմել, որտեղ ներգրավված են իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորներ:

Մեկնաբանել