Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ որպես մեղադրայալ ներգրավված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ինչպես հաղոդում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ քննչական կոմիտեում ձևավորված քննչական խմբի կողմից կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, երեք տասնյակից ավելի վկաների հարցաքննություններ, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ:
Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ:
Քննչական կոմիտեն արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին, պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է Հայաստանի քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:
***
Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։
Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։