Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից հակառակորդը ժամանակին հայտնաբերվել է, մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հայաստանի պաշտապանության նախարարությունը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- գրել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը:
«Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը»,- տեղեկացրել ՊՆ մամուլի խոսնակը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերը դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Հունվարի 21-ին Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվել էր պայմանագրային զինծառայող 34-ամյա բնակիչ Արման Ուդումյանը: