Ռուսաստանին սպասում է ավելի ծանր ճգնաժամ, քան 2008-ին էր. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանում ճգնաժամաը կլինի ավելի ծանր, քան 2008-2009թթ., ներկայիս իրադրությունը կվատթարանա: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Դավոսի Համաշխարհային տնտեսական 45-րդ համաժողովին:

«Երբ հարցնում են, թե ինչպես ենք վերաբերվում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, ես ասում եմ՝ արտաքնապես իրավիճակն այնպիսին է, որ թվում է՝ հիմա ավելի թեթև է, քան 2008-2009թթ.: Սակայն դա թվացյալ թեթևություն է: Իրականում ըստ խորության և բարդության, կարծում եմ, մենք արդեն մեկ տարի է՝ այնպիսի իրադրության մեջ ենք, երբ թևակոխում ենք ավելի հարատև և բարդ ճգնաժամ»,- նշել է Շուվալովը:

Ըստ ՌԴ առաջին փոխվարչապետի՝ 2015թ. հակաճգնաժամային պլանը պետք է չոր վայրէջքի համար նախատեսված լինի, և բոլոր քաղաքացիները պետք է հարմարվեն նոր պայմաններում ապրելու փաստին: Միևնույն ժամանակ, Շուվալովը չի բացառել, որ նավթի գները կարող են շարունակել անկում ապրել: Նա նաև պարզաբանել է, թե ինչու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի այդքան բարձր վարկանիշ: Ըստ Շուվալովի՝ Ռուսաստանի հանրությունը երկրի դեմ սահմանված պատժամիջոցները ընկալում է ոչ թե որպես Պուտինի, այլ իրենց դեմ ուղղված, հետևաբար միավորվում է առաջնորդի շուրջ:

«Մենք մեր ուրույն մտածելակերպն ունենք, պարզապես նրանք, ովքեր չգիտեն Ռուսաստանի պատմությունը, չեն հասկանում դա»,- հայտարարել է Շուվալովը: Նա վստահ է, որ ռուսաստանցիները Վլադիմիր Պուտինի պաշտոնանկություն թույլ չեն տա:

«Եթե ռուսը դրսից ճնշում է զգում, երբեք իր առաջնորդին չի տա: Երբեք: Եթե մենք զգանք, որ դրսից ինչ-որ մեկը ցանկանում է փոխել մեր առաջնորդին, և դա մեր կամքը չէ, այլ ազդեցություն մեր կամքի վրա, ապա կլինենք միասնական ինչպես երբեք»,- նշել է ՌԴ փոխվարչապետը:

2014թ. Ռուսաստանում սկսվեց ֆինանսական ճգնաժամ, որը պայմանավորված էր էներգակիրների գների կտրուկ անկմամբ (դրանց վաճառքը կազմում է Ռուսաստանի եկամուտների նշանակալի մասը), ինչպես նաև Ղրիմի ճգնաժամի պատճառով ՌԴ դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներով:

Այդ գործոնները հանգեցրին օտարերկրյա արժույթների հանդեպ ռուբլու արժեզրկմանը և բնակչության իրական եկամուտների աճի տեմպերի դանդաղմանը:

Ռուսաստանում տնտեսական անկայուն վիճակը բացասական ազդեցություն ունեցավ այն երկրների տնտեսությունների վրա, որոնք ՌԴ-ի հետ սերտ տնտեսական կապեր ունեն:

Մեկնաբանել