Աջապահյանը՝ «պակաս ազգային թասիբության» մասին

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Qahana.am կայքին հարցազրույց է տվել, որում անդրադարձ է արվում Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին:

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հունվարի 14-15-ին Հայաստանում բողոքի ցույցեր տեղի ունեցան մի շարք պետական գերատեսչությունների մոտ. Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսության, ռուսական 102-րդ ռազմաբազայի և Շիրակի մարզի դատախազության մոտ, Երևանում՝ Ռուսաստանի դեսպանության, ՀՀ նախագահի նստավայրի մոտ և Ազատության հրապարակում։

Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցող ցույցին ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հանդարտության կոչեր էր անում ցուցարարներին, հորդորում հեռանալ դատախազության շենքի մոտից: Աջապահյանի հորդորով ցուցարարների մի մասը հեռացավ:

Հարցազրույցից մի հատված ներկայացված է ստորև:

Հայ ազգն աշխարհի հնագույն, բայց փոքրաթիվ ազգերից մեկն է: Ինչո՞ւ է նա այսքան փորձությունների միջով անցնում:

Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը հատուկ փորձությունների միջով է անցնում: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց փորձությունները, բայց Ավետարանում ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի» (Ղուկ. 12.48): Շատ հստակ է. մեզ շատ է տրված, շատ էլ պահանջվում է:

Ինչո՞ւ են անմեղ մանուկները չափահաս մարդկանց վայրագությունների զոհը դառնում:

Պատասխանը և շատ պարզ է, և շատ բարդ, որովհետև չարիքը մտել է աշխարհ և չի խնայում նաև մանուկներին: Ցավոք…Բեթղեհեմի մանուկների կոտորածով դրա անդրադարձը գտնում ենք Ավետարանում, երբ Հերովդեսն իր հիմարության ցասման մեջ հրամայեց կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի դրանց մեջ լինի նաև Քրիստոս: Սրա բացատրությունը մտնում է չարի գործունեության թույլտվության շրջանակներում. չարը ժամանակավորապես գործելու հնարավորություն ունի ու երբեմն սրախողխող է անում նաև անմեղ մանուկներին: Սակայն դրանով անմեղ մանուկների կյանքը չի ավարտում, այլ շարունակվում է Երկնքի արքայության մեջ, Տիրոջ գրկում՝ ավելի լուսեղեն ու ավելի զվարթ: Սա՛ է մեր հավատքը և մեր համոզմունքը:

Եղեռնի, երկրաշարժի բովով անցած ազգի զավակը կարող է իրեն ոտնահարված և թերարժեք զգալ, բայց և կարող է հպարտանալ արհավիրքը հաղթահարելու ներքին կամքով, ապրելու, արարելու աստվածատուր շնորհով: Ձեր կարծիքն այս մասին:

Այո, մենք ապրող ազգ ենք, մենք մեռնող ազգ չենք: Ոտնահարված, թերարժեք զգալու խնդիր չկա: Պետք չէ կենտրոնանալ մեր դժբախտությունների վրա. պետք է կենտրոնանալ մեր հաջողությունների, ձեռքբերումների վրա: Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են, պակաս հայրենասիրության հետևանք են, պակաս ազգային թասիբության հետևանք են: Սրանք բոլորը պետք է սրբագրել ու առաջ գնալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանել