Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարում ներկա է գտնվել 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սարսափելի ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների և այս տարվա ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայությունը:
***
Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։
Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։