Թուրքիայի Ապրիլի 24-ի հաշիվներն ու դիվանագիտական ֆիասկոն․ թուրք պատմաբան

Թուրքիայում լույս տեսնող Taraf թերթում հունվարի 25-ին հրապարակվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Այհան Աքթարի հոդվածը, որում հեղինակը բացատրում է, թե Թուրքիան ինչ նպատակ է հետապնդում 2015թ․ ապրիլի 24-ին մեծ շուքով նշելով Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը: Քննադատելով Թուրքիայի այս քաղաքականությունը՝ հոդվածագիրն իր կարծիքն է հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Սերժ Սարգսյանին Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակի առթիվ ուղարկած հրավերի վերաբերյալ: Հեղինակն անդրադառնում է նաև Օսմանյան կայսրության զորքերի կազմում 1915թ․ Դարդանելի ճակատամարտին մասնակցած հայազգի հրետանավոր Սարգիս Թորոսյանի շուրջ ծավալված քննարկմանը, որի անունը Թուրքիայի որոշ շրջանակներ լսել անգամ չեն ուզում: Հոդվածի առաջին մասը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

2015թ. Թուրքիայի պետականամետ շրջանակների համար շատ դժվար տարի է լինելու: Մեծանալու է գործադրվող ճնշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Թուրքիան ճնշումներին դիմակայելու համար առաջ է նետում «ցավերի մրցավազքի» մեթոդը: 2015թ. Թուրքիան միջազգային հանրությանն ու հայերին ասելու է հետևյալը. «Առաջին համաշխարհային պատերազմը բոլորիս համար ցավով լեցուն է: Այո, հնարավոր է, որ հայերի գլխին ինչ-որ վատ բաներն են եկել, սակայն մենք էլ շատ ենք տառապել: Մենք էլ զոհեր ենք տվել պատերազմի դաշտում: Մենք էլ ենք տառապած ու ճնշված: Եթե հայերը Մեծ եղեռն ունեն՝ մենք էլ պատերազմի դաշտում հարյուր հազարավոր անթաղ նահատակներ ունենք»:

Պաշտպանական նման դիրքորոշման նախանշաններն ի հայտ էին եկել դեռևս 2011 թվականին: Այն ժամանակ դեռ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն 2011թ. ապրիլի 25-ին Դարդանելում մի ելույթ ունեցավ: Yeni Şafak թուրքական թերթը մեջբերում է Դավութօղլուի խոսքը. «Դարդանելում (Չանաքքալե) անունը լսելիս չկա մի թուրք, որի սիրտը չի բաբախում, որի սիրտը չի ցնցվում, որի երակներում արյան շրջանառությունը չի արագանում»: (Այս խոսքերը լայնորեն տարածվեցին թուրքական մամուլում- ՍիվիլՆեթ)։ Դավութօղլուն հայտարարել էր. «Ամբողջ աշխարհին ճանաչել ենք տալու, թե ինչ է 2015 թվականը: Ցույց ենք տալու, որ 2015-ը ինչ-որ ցեղասպանության տարելից չէ, ինչպես ոմանք են պնդում կամ զրպարտում, այն թուրք ազգի փառապանծ դիմադրության՝ Չանաքքալեի դիմադրության ամյակն է»:

Դարդանելի ճակատամարտն ընդհանրապես նշվում է մարտի 18-ին, երբ 1915թ. դաշնակից երկրների նավատորմը փորձեց անցնել Դարդանելի նեղուցով: Հենց մարտի 18-ին անգլիական և ֆրանսիական նավատորմը Դարդանելի նեղուց մտնելու համար հարձակում սկսեց: Օսմանյան բանակի հրետանավորները, օգտագործելով նեղուցի երկու կողմում գտնվող պաշտպանական ամրություններում առկա հրանոթները և թափվող ականները, խոչընդոտեցին դաշնակից երկրների նավատորմի մուտքը Դարդանելի նեղուց: Մարտի 18-ի հաղթանակը Առաջին աշխարհամարտում օսմանյան բանակի ամենալուրջ հաջողությունների մեկն էր:

Անգլիական և ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումներ) զորաջոկատների համար առանցքային էր 1915թ. ապրիլի 25-ը․ այդ առավոտ՝ 04:30-ին, Գալիպոլիի թերակղզում սկսվեց ափհանման գործողությունը: Դարդանելում զոհված անգլիացի, ավստրալիացի և նորզելանդացի զինվորների թոռներն ամեն տարի այդ օրը արևածագին ANZAC-ի ծովախորշում (տարածքը պատերազմից հետո այս անունով կոչվեց- ՍիվիլՆեթ) մասնակցում են իրենց զոհված պապերին նվիրված հիշատակի արարողությանը:

Դարդանելի ճակատամարտի հիշատակի արարողությանը, որն այս տարի տեղափոխվել է ապրիլի 24-25, հրավիրված է 102 երկրի ղեկավար: Արարողությանը մասնակցելու է նաև Ուելսի արքայազն Չառլզն իր որդիների հետ: Ապրիլի 25-ը ռազմական տեսանկյունից ինչ-որ նշանակություն ունի, իսկ, տեսնես, ինչո՞ւ է ապրիլի 24-ը ներառվել հիշատակի ծրագրի շրջանակում: Հայտնի է, որ 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում ապրող 250 հայ մտավորական է ձերբակալվել: Ձերբակալությունից հետո այդ մարդիկ աքսորվեցին Չանքըրը և Այաշ. նրանից 174-ը հետ չվերադարձավ: Այդ պատճառով ապրիլի 24-ը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ստացվում է, որ փոքրիկ պատմական խաղ բեմադրելով՝ ցանկանում են Դարդանելի ճակատամարտի հետևում սքողել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ճնշումը:

Ի հավելումն այդ նուրբ հաշվարկների, դժբախտաբար, եղավ դիվանագիտական ֆիասկո: Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանին հրավիրեց Դարդանելի ճակատամարտի հիշատակի արարողությանը մասնակցելու, որն այս տարի տեղափոխվել է ապրիլի 24: Արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հրավերի վերաբերյալ ասաց հետևյալը․ «Մենք այս իրադարձությունները միայն 2015թ․ համատեքստում՝ մեկ տարվա կտրվածքով չենք դիտարկում․․․ Հայերի պնդումների դեմ պայքար ենք ծավալում: 2015-ը միայն հայերի պնդումների տարին չէ: Դարդանելի ճակատամարտը կռիվ էր մի կողմից Թուրքիայի հողերը նվաճելու եկած զավթիչների և, մյուս կողմից, հայրենիքի պաշտպանության համար ոտքի կանգնած զինվորների միջև: Այդ ճակատամարտի հետ առնչվող բոլոր երկրներին հրավեր ենք ուղարկել, Հայաստանն էլ դրանց շարքում է, քանի որ օսմանյան բանակում եղել են նաև հայ զինվորներ»:

Անհնար է հասկանալ․ Հայաստանին հրավերն ուղարկողները ինչպե՞ս կարող են պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի հուշարձանում անցկացվող արարողությունը թողնելու է ու գա Դարդանել: Եթե պետականամետ շրջանակներն ընդունում են, որ Դարդանելում Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներ են պատերազմել, և դա փորձում են ներկայացնել որպես «խաղաղություն հաստատելու նախաձեռնություն», ապա պետք էր հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որովհետև Թուրքիայում ապրող հայերի պապերն են պատերազմել Դարդանելում: Թերթելով Սերժ Սարգսյանի կենսագրությունը՝ պարզվում է, որ նա ծնվել է Ղարաբաղում: Եթե նրա պապը մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ապա, ամենայն հավանականությամբ, կռվել է ռուսական բանակի կազմում: Եթե մտածում եք «խաղաղասիրական նախաձեռնության» մասին, ավելի ճիշտ չէ՞ր լինի սկսել մեր հայերից (նկատի ունի Թուրքիայի հայերին-ՍիվիլՆեթ):

Դարդանելում կռվել են նաև հայ զինվորներ

Հետաքրքիր է, որ, հակառակ Թուրքիայի պետական-պաշտոնական պատմագրության, արտգործնախարար Չավուշօղլուն խոստովանեց, որ Դարդանելի ճակատամարտում կռվել են նաև հայեր: Սուտ չասեմ՝ այս խոստովանությունն ինձ շատ դուր եկավ, որովհետև, երբ ես հրատարակության էի պատրաստել կապիտան Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև պաղեստինյան ճակատ» հուշերի գիրքը, որը 2012թ․ հայտնվեց գրախանութներում, մեծ իրարանցում առաջացավ, և մոտավորապես մեկ տարի իմ հասցեին խիստ քննադատություն էր հնչում։

Մեր «alaturca» (ազգայնական-ՍիվիլՆեթ) թուրք պատմաբաններն էլ, իրականության հետ որևէ աղերս չունեցող հոդվածներ գրելով, Թորոսյանին անվանեցին ստախոս՝ պնդելով, թե նրա հուշերն իրականությանը չեն համապատասխանում և «սարքած» են: Այս պատմաբանները ջուր լցրին ժխտողական քաղաքականություն քարոզողների ջրաղացին: Նույնիսկ Գլխավոր շտաբի ղեկավարությունը 2012-ին առաջին անգամ հարկ համարեց հուշերի գրքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անել՝ ասելով․ «Դարդանելի ճակատում Սարգիս Թորոսյան անունով սպա չի եղել»:Կարճ ասած՝ այն հանգամանքը, որ Դարդանելի ճակատամարտում հայ հրետանավոր է կռվել, ոմանք ընկալում են որպես թուրք ազգի սրբության բռնաբարում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն, ըստ երևույթին, տեղյակ է Թորոսյանի շուրջ ծավալվող քննարկումներից, պատասխան նամակում, մերժելով հրավերը, Էրդողանին գրում է․ «Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»:

Այսպիսով՝ կապիտան Թորոսյանի հուշերն այս անգամ տեղ են գրավում երկու երկրի նախագահների բանավեճում:

Մեկնաբանել