Հայ-թուրքական ՀԿ-ների համերաշխություն՝ Փերինչեքի գործում

Payam_Akhavan_-_Persian_Canadian_Lawyer_and_Human_Rights_activist_-_201311 Փայամ Ախավանը միջազգային իրավունքի պրոֆեսոր է Կանադայի ՄքԳիլի համալսարանում։

Միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Փայամ Ախավանը ՍիվիլՆեթի հետ զրուցել է, թե ինչպես է ներկայացնելու հայկական և թուրքական ՀԿ-ների կոալիցիան՝ հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում մեկնարկող թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավարությանը։

Ախավանը Կանադայի ՄքԳիլի համալսարանում միջազգային իրավունքի պրոֆեսոր է և այցելու-գիտաշխատող Օքսֆորդի համալսարանում: Նա եղել է ՄԱԿ-ի դատախազ Հաագայի դատարանում, միջազգային դատարաններում և տրիբունալներում առաջատար դատական գործերում հանդես է եկել որպես խորհրդատու:

Պրոֆեսոր Ախավան, ինչպե՞ս ներգրավվեցիք Փերինչեքի գործում:

– Փերինչեքի գործով որոշմանն առաջին անգամ տեղեկացա Տորոնտոյում «Զորյան» ինստիտուտի իմ ընկերներից: Նրանք շատ մտահոգված էին, որ թուրքական կառավարությունը և ծայրահեղ ազգայնական գործիչները իրավական այս նախադեպը օգտագործելու են և պնդեն, թե Եվրոպական դատարանը հերքում է, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն էին: Դա, իհարկե, այն չէ, ինչ ասել է դատարանը, սակայն որոշումը խեղաթյուրվել և սխալ է ներկայացվել՝ նպատակ ունենալով նպաստել ժխտողականության և հայատյացության շարունակվող քաղաքականությանը:

«Զորյան» ինստիտուտը գլխավորել է ծախսատար արշավ` շվեյցարական թերթերում ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներով գովազդներ հրապարակելու և հայկական այլ կազմակերպությունների հետ համագործակցելու և Շվեյցարիային համոզելու բողոքարկել դատական գործը: Նրանք ստիպված էին հաղթահարել Թուրքիայի հակընդդեմ գործողությունները, որն իհարկե դեմ էր դատավճռի բողոքարկմանը։ Թուրքիան միջամտեց ի աջակցություն Փերինչեքի՝ չնայած Ստամբուլի քրեական դատարանը նրան դատապարտել էր որպես «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության առաջատար անդամ։ Կարևոր է, որ Թուրքիայի հասարակական կազմակերպությունները, ինչպիսին օրինակ Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան է՝ Թուրքիայի ամենամեծ ու ամենահին իրավապաշտպան ՀԿ-ն, ունենալով հազարավոր անդամներ, նույնպես դիմել է Շվեյցարիայի կառավարությանը՝ հօգուտ բողոքարկման:

Երբ Շվեյցարիան համաձայնեց բողոքարկել գործը, մենք որոշեցինք հայկական և թուրքական ՀԿ-ների կոալիցիա կազմել, որպեսզի միջամտենք գործին: Մենք մտածեցինք, որ բուն կոալիցիայի կազմավորումը արդեն իսկ հզոր ուղերձ կլինի դատարանին, որ դա զուտ «հայկական» խնդիր չէ, դա մարդու իրավունքների խնդիր է: Փերինչեքին չէին հետաքրքրում միջազգային իրավունքի շուրջ ակադեմիական քննարկումները, և արդյոք «ցեղասպանություն» եզրը վերաբերում էր 1915-ին, թե ոչ: Նա ծայրահեղ ազգայնական գործիչ է, որի հարթակը հայերի դեմ ատելության սերմանումն է՝ հիմնված դավադրության խելացնոր տեսությունների և պատմական ռևիզիոնիզմի վրա։

Դատարանի համար նաև հրամայական էր իմանալ «Էրգենեքոնի» դատավարության մանրամասները, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ էին բարձր որակավորում ունեցող և նվիրված թուրք իրավապաշտպաններ, ակտիվիստներ ու թարգմանիչներ: Մեզ անհրաժեշտ էր նաև ամիսների աշխատանք «Զորյան» ինստիտուտի բանիմաց և ջանասեր հետազոտողների և Լոնդոնի ու Օքսֆորդի իրավաբանների հետ համագործակցությամբ, որպեսզի ուսումնասիրենք որոշման 17 000 էջերը, միջազգային նախադեպային իրավունքը, ինչպես նաև բարդ փաստարկները՝ գտնելու այն, ինչն իսկապես կհաստատի Փերինչեքի խտրական շարժառիթները։

Այնպես որ, ի վերջո, կոալիցիան կազմված էր «Զորյան» ինստիտուտից կամ, ավելի շուտ, Հայոց ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտից, որը գտնվում է «Զորյանի» հովանու ներքո, թուրքական Մարդու իրավունքների ասոցիացիայի և Ստամբուլում գտնվող Ճշմարտություն արդարություն հիշողության կենտրոնից: Այս թիմի համատեղ ջանքերը հիանալի արդյունք ունեցան՝ որակի ու կարևորության առումով, ինչը էական ազդեցություն կարող է ունենալ դատարանի որոշման վրա, և ինչն ինքնին ապացույց է, որ որևէ այլ կողմ առաջ չի քաշել այս գործում։ Այլ կերպ ասած՝ առանց այս ՀԿ-ների կոալիցիայի միջամտության՝ «Էրգենեքոնի» դատավարության և Փերինչեքի իրական օրակարգի փաստերը չէին բացահայտվի:

– Արդյոք այս դատական գործը Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասի՞ն է: Ի՞նչն է խնդրի հիմքում ընկած:

– Մենք ընդգծել ենք, որ գործը՝ որպես այդպիսին, պատմական ճշմարտության մասին չէ: Մարդու իրավունքների իրավունքի տեսանկյունից, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով խոսքի ազատությունը ենթարկվում է որոշակի սահմանափակումների: Դրանցից մեկն այն է, երբ խոսքը սերմանում է խտրականություն և ատելություն: Այնպես որ, խնդիրը պատմական ճշմարտության մասին քննարկումները չեն, ոչ էլ կոտորածները իրավական առումով ցեղասպանություն սահմանելը կամ որևէ այլ եզրույթ օգտագործելը։ Հիմնարար խնդիրն այն է, թե արդյոք Փերինչեքի հայտարարությունները, որ նա արել է կոնկրետ համատեքստում, խտրականության ու ատելության սերմանում չեն:

– Ի՞նչ է տալիս կոալիցիայի միջամտությունը, որը մյուս կողմերն արդեն չեն ասել: Ինչո՞վ է այն նշանակալի:

– Դատարանը հաշվի չի առել Փերինչեքի հայտարարությունների հետևանքները Թուրքիայում հայերի նկատմամբ: Շատ ավելի դժվար է պնդել, որ նրա սադրիչ հայտարարությունները սպառնում են հայերին Շվեյցարիայում: Բայց ցանկացած մեկը, ով գիտի Հրանտ Դինքի սպանության և մեղավորներին պատժելու շարունակական ձախողումների մասին, գիտի նաև, որ Հայոց ցեղասպանությունը «մեծ սուտ» անվանելը հստակ ատելություն է և կարող է անգամ հանգեցնել Թուրքիայում հայերի նկատմամբ բռնությունների:

Փերինչեքի դեմ շվեյցարական դատարանի վճիռը վերաբերում էր նրա՝ «Թալեաթ փաշա» կոմիտեին անդամակցությանը, և այս փաստը զեկույցում առկա է: Մենք Եվրոպական դատարանի Մեծ պալատին տրամադրեցինք այդ կոմիտեի նշանակության ավելի լիարժեք պատկերը, որը վկայակոչել է նաև Ստամբուլի քրեական դատարանը «Էրգենեքոնի» դատավարության ժամանակ: Իսկապես, Ստամբուլի քրեական դատարանի վճռի հիմքում ընկած դրույթը, որ Փերինչեքը «պրոպագանդայի» և «հոգեբանական պատերազմի» պարագլուխն է, վերաբերում է նաև նրա՝ հայերի նկատմամբ ատելության սերմանմանը, և հաստատում է նաև «Էրգենեքոնի» առնչությունը Դինքի և Թուրքիայում քրիստոնյա այլ փոքրամասնությունների սպանություններին։

Թուրքիայի միջամտությունը ակնհայտորեն ուղղված էր նրան, որ ցույց տրվի, թե Փերինչեքի դեպքում էականն այն է, ինչ նա արել է Շվեյցարիայում, և դատարանը պետք է ինչ-որ կերպ անտեսի՝ ով է Փերինչեքը իրականում և ինչու է նա սկսել Հայոց ցեղապսանության ժխտման այդ անողոք արշավը։ Ակնհայտ է, որ խնդիրն այն մասին չէ, որ միջազգային իրավաբաններն այդ իրադարձությունների՝ որպես ցեղասպանություն իրավական որակման հարցում կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Սխալ կլիներ գնալ դատարան ու ասել, որ դա ցեղասպանություն էր, որովհետև խնդիրը տվյալ դեպքում դա չէ: Խնդիրն այն է, թե արդյոք Փերինչեքը խտրական շարժառիթներ ունի՞: Այդ հարցի պատասխանը շատ ակնհայտ է:

– ՀԿ-ների այս կոալիցիայի միջամտությունը ինչո՞վ է տարբերվում Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների միջամտությունից։

Կառավարություններն ակնհայտորեն կարևոր են, քանի որ նրանք ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Սակայն կառավարությունները քաղաքական շահեր ունեն, և նրանց ծրագրերի հիմքում ընկած նկատառումները տարբեր են քաղաքացիական հասարակության դերակատարների, այդ թվում՝ իրավապաշտպան ՀԿ-ների նկատառումներից։ Ես կարծում եմ՝ կարևոր է, որ այս երկրորդ փուլում Հայաստանը միջամտի ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան առաջին փուլում արեց և անում է հիմա՝ երկրորդ փուլում: Երկու կողմերի հայցերը թերևս կհակակշռեն իրար։

Բայց ես կարծում եմ, որ դատարանը հաշվի կառնի, որ հայկական և թուրքական իրավապաշտպան ՀԿ-ները, որոնք քաղաքական շարժառիթներ չունեն, միավորվել են` բացահայտելու Փերինչեքի՝ ատելություն սերմանող ու բռնի օրակարգը: Ես կարծում եմ, որ «Էրգենեքոնի» գործով դատավճռի մանրամասները նրա շարժառիթների էական ապացույցը կլինեն՝ հենված հենց Թուրքիայի դատարանների որոշումների վրա:

Վերջապես, ես կարծում եմ, որ չպետք է մոռանանք, որ իրական հերոսները թուրք իրավապաշտպան ակտիվիստներն են ու մտավորականները, որոնք կանգնած են Թուրքիայում հայերի կողքին, երբ նրանք ենթարկվում են ահագնացող ճնշումների, ահաբեկումների և նույնիսկ բռնություների, ստանում մահվան սպառնալիքներ Հայոց ցեղասպանության հարցի մասին հայերի հետ իրենց դրսևորած համերաշխության համար։ Թուրք այս իրավապաշտպաներն ու ակտիվիստները համարձակ են ու արդարամիտ և արժանի են մեր գովասանքին ու ճանաչմանը՝ որպես Փերինչեքի գործում կարևորագույն ձայներ:

***

Փերինչեքի գործի մասին

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը կլինի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կսկսի Փերինչեքի գործի քննությունը:

Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսմանը։

Read the article in English.

Մեկնաբանել