Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը խախտվել է շուրջ 300 անգամ:
Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
***
Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:
Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ «հունվարի 24-25-ը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց»:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, «որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի»:
ՊՆ խոսնակը հունվարի 26-ին հայտարարել էր՝ «հայկական կողմը չի թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ է իրականացրել»: