Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (114 արկ) և ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:
***
Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:
Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: