Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ: Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների»,- հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:
***
Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:
Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: