Դիվերսիայի հերթական փորձը Տավուշում, հակառակորդը հետ է շպրտվել

Հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում:

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող երեք անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:

«Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով»,- հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: «ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում»,- հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ` հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց:

Մեկնաբանել