Հունվարի 28-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել պաշտոնական ելույթով, որում մասնավորապես կոչ է արել թուրքական իշխանություններին ջանքեր գործադրել ճշմարտությանը առերեսվելու ուղղությամբ և հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իրողության ճանաչման ճանապարհի նոր փուլեր անցնելու և գործընթացին նոր շունչ տալու առիթ կհանդիսանա: Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին` նախագահ Օլանդն ընդգծել է. «Խոսքի ազատությունը, որ մենք ամեն գնով ցանկանում ենք պաշտպանել, երբեք չպետք է իրողության խեղաթյուրման միջոց դառնա» և այն «չի հանդուրժի երբեք մարդկության դեմ ուղղված հանցագործության արդարացումներ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նախագահ Օլանդը նշել է, որ Ֆրանսիան չի հանձնվելու և շարունակելու է իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ֆրանսուա Օլանդն իր ելույթում վերահաստատել է 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք մատուցելու իր որոշումը:
«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է», – ավարտել է իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:
Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը: Միջոցառման ընթացքում Շառլ Ազնավուրը պարգևատրվել է «CCAF Արիության շքանշանով»:
Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հյուրերին ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը 2015թ. ողջ ընթացքում իրականացվելու է Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում: