Հունվարի 31-ին տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:
***
Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները` մի քանի հարյուր մարդ հունվարի կեսից բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց:
Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:
Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը: