Ինչո՞ւ եք գնում Արցախ, ինչո՞ւ չեք սկսում Սյունիքից

1463061_793107114092500_2080328606585989441_nԵս չգիտեմ, թե իրականում ինչ է Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների ուզածը: Բայց նրանց ծեծի ենթարկելը հիմարություն է: Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոերթը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում» (ի դեպ ձեզանից որևէ մեկը երբևէ լսե՞լ է Ղարաբաղում սոցիոլոգիական որևէ հարցման մասին): «Հանրության լայն շրջանակները» արտահայտությունը որևէ հարցման մշակույթ չունեցող հանրության ձևակերպում է, տղերք: Եվ, ուրեմն, ասում եք, թե այդ շրջանակները դե՞մ են: Եվ ի՞նչ: Որոշեցիք ծեծի՞ ենթարկել այդ մարդկանց: Ոստիկանն ամենուր ոստիկան է: Կարող եմ ենթադրել, որ ծեծի ակնունքներում զուտ Հայաստանի իշխանության քաղաքական հաշվարկներն են՝ մեր քաղաքական դաշտը մաքրում են ընդդիմությունից, ասենք, ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի հեղինակությունից, և տեղը դնում են Հիմնադիր խորհրդարանին: Եվ Հիմնադիր խորհրդարանի ընդդիմադիրությունն ավելի համոզիչ դարձնելու համար ծեծում են տղաներին:

Այս ծեծուջարդում հայաստանցի-ղարաբաղցի վեճ չկա, ղարաբաղցին ծեծել է իր հողի ազատարարին՝ Ժիրայր Սեֆիլյանին, ուրեմն թող ինքն էլ պատասխան տա, թե ինչ տարբերություն իր և մեր՝ Հայաստանի քաղաքական ռեժիմի միջև: Եթե այդ ռեժիմներում տարբերություն չկա, ինչո՞վ պիտի տարբերվեն հայաստանցին ու ղարաբաղցին: Երկուսն էլ նույն ռեժիմի զոհերն են: Երկուսում էլ իշխանության գլխին ԿԳԲ-ի ոչ այնքան կարկառուն, բայց հաստատապես ուշիմ ներկայացուցիչներն են: Երկուսում էլ ոստիկանությունը համալրել են հիմնականում բութ և միայն բռնության հակված մարդիկ: Նշանակում է, երկուսն էլ իշխանության արտահայտման այլ պատկերացում չունեն: Իշխանությանը ծառայելու երկու երկրների ոստիկանության մոտիվացիան հեռու է օրենքի հետ որևէ կապից: Իրենց մոտիվացիան մենք ենք, եթե մենք իրենցից չենք: Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ են «Ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով հայաստանցի քաղաքական հավակնություն ունեցող գործիչներն ավտոերթ անում դեպի Արցախ, եթե Արցախի նույնքան ԿԳԲ-ական ռեժիմը ձեր քաղաքական նպատակների թիրախում չէ:

Առավելևս, ո՞վ կարող է ասել՝ ղարաբաղցին ինչու՞ է լարվում այդ կարգախոսից: Ի՞նչ է՝ Արցախը ռեժիմի դեմ պայքարի ուխտագնացության նոր օջա՞խ է: Ինչու՞ եք գնում Արցախ: Ինչու՞ չեք սկսում Սյունիքից, որտեղ իշխում է նույնքան արյունարբու մեկը, որպիսին Արցախի ոստիկանությունն է: Եթե Ղարաբաղի իշխանությունը ռեժիմ չէ, ինչու՞ եք նրանց խառնում ձեր հաշիվներին:

Ասում եմ ձեզ, Հայաստանի որ տարածքից էլ սկսեիք, մինչև ապրիլի 24-ը կհասցնեիք խոսել ռեժիմի վտանգավորության և հետագա իշխանության անթույլատրելիության մասին: Ղարաբաղի իշխանություններին ի՞նչ էր պետք հարձակվել այս տղաների վրա: Այստեղ դեդեկտիվ լինել պետք չէ՝ հաճոյացել են Սերժ Սարգսյանին, անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ԼՂ նախագահ Բակո Սահակյանը Սեֆիլյանի թիմին խորհուրդ էր տվել ավտոերթով Ղարաբաղ չմտնել՝ «ավտոերթերը կարող է սասանել Երևանի նկատմամբ արցախցիների հավատն ու վստահությունը»: Եթե անկեղծ՝ այդ հավատն ու վստահությունը արցախցիների գործն է, մենք այդ հավատի ու վստահության գերին չենք:

Ղարաբաղի իշխանությունն ի՞նչ է կարծում՝ իսկական ժամանա՞կն է ընկնել միջազգային կազմակերպությունների բերանը առ այն, թե ինչ բարբարոս իրավապահներ են աշխատում ամեն օր Բաքվի հրեշագործությունները քննադատող այդ չճանաչված երկրում: Կամ՝ իսկապե՞ս ժամանակն է Հայաստանում հասունացնել կարծես թե քնած հրաբխի պես քնած հայաստանցի-ղարաբաղցի հակամարտությունը, որը գոնե Հայաստանում առայժմ քննություն չի բռնում: Թե՞ Արցախի իշխանություններին խիստ անհրաժեշտ է, որ քննություն բռնի:

Լսե՛ք, մենք ի վերջո այս ծեծուջարդով գլխի ենք ընկնում, թե ինչպես են այդտեղ՝ Արցախում, լուծվում ցանկացած քիչ թե շատ ըմբոստություն հիշեցնող հարցերը: Եթե հակաօրինական էր Հիմնադիր խորհրդարանի տղաների այցը, ձերբակալեիք նրանց, եթե հակաօրինական չէր, ինչու՞ եք առանց ավելորդ բացատրությունների կամ պարզաբանումների հարձակվել մարդկանց վրա: Դուք այդպե՞ս եք սահմանին ապացուցում ձեր քաջությունը: Թե՞ սա էլ էր սահմանային միջադեպ: Կամ՝ դիվերսիա:

Մենք գիտենք, որ Ղարաբաղում ժողովրդավարական որևէ կառույց չկա, որ ընդդիմություն չկա ու չկա, բայց աղմուկ չենք բարձրացնում, չէ՞: Ձեզ ինչու՞ է թվում, թե մենք Ղարաբաղ պետք է գանք անպայման ժինգյալով հաց ուտելու, Գանձասարում լուսանկարվելու կամ մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու համար: Կրկնում եմ, դեպի Ղարաբաղ ավտոերթի իմաստը ես չեմ հասկանում, բայց չեմ կարծում, թե անպայման ծեծուջարդով պետք էր կասեցնել այդ երթը: Ես ինքս չէի չարաշահի Ղարաբաղի ազատարար լինելու իմ հեղինակությունը, բայց ոչ այն պատճառով, որ ես Բակո Սահակյանի և Ղարաբաղի ամբողջ իշխանության ազատարարն եմ, այլ որ՝ «Հայաստանինը՝ Հայաստանին, Ղարաբաղինը՝ Ղարաբաղին»: Ռեժիմի հեռացումը հաստատ ղարաբաղցիների գործը չէր: Բայց ղարաբաղցի իրավապահների բարբարոսությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ խաղաղությունը երկու երկրների իշխանության համար հենց իրենց իշխանությունն է, մնացած բոլորի գոյությունը պատերազմ է նրանց դեմ, եթե չեն կարողանում իրենցով անել «չլուծված կոնֆլիկտ» անհեթեթությամբ:

Մեկնաբանել