Պուտինը վատ ռազմավար է և վնասում է Ռուսաստանին. Օբամա

Obama CNNՈւկրաինայի արևելքում հակամարտության սրումը Ռուսաստանի անունից պարոն Պուտինի ընդունած վատ որոշումների վկայություն է: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN-ի լրագրող Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում: Ի թիվս ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքական բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձ է եղել նաև ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններին:

ԱՄՆ-ի ղեկավարը կրկին ընդգծել է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի համար կունենա ոչ թե շահավետ արդյունքներ, այլ մեծ կորուստներ:

«Անցել են ժամանակները, երբ հողերի նվաճումը ապահովում էր գերտերության կարգավիճակ: Այսօր պետության ուժը չափվում է գիտելիքներով, ունակություններով, ապրանքներ արտահանելու ունակությամբ, նոր ապրանքներ և ծառայություններ ստեղծելու կարողությամբ. դրանցից և ոչ մեկը Պուտինի ռազմավարությունը չի ապահովել»,- նշել է Օբաման:

«Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ որոշումը Պուտինն ընդունել է ոչ թե ռազմավարական մեծ պլանից ելնելով, այլ որովհետև հանկարծակիի էր եկել Մայդանում բողոքներից և Յանուկովիչի հետագա փախուստից այն բանից հետո, երբ մեր միջնորդությամբ համաձայնագիր էր կնքվել Ուկրաինայում անցումային փուլի մասին»,- ասել է Բարաք Օբաման, որը վստահ է, որ «իմպրովիզացիաները, որոնց այդ պահից ի վեր դիմել է Պուտինը, նրան ավելի ու ավելի խորն են ներքաշել մի իրադրության մեջ, որը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Այդ իրադրությունը միջազգայնորեն մեկուսացրել է Ռուսաստանին, Եվրոպային ստիպել է զգուշորեն բիզնես վարել նրա հետ և հանգեցրել է պատժամիջոցների, որոնք վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը այն ժամանակ, երբ նվազում են նավթից ստացված եկամուտները»,- կարծիք է հայտնել Օբաման:

Ամերիկյան հեռուստաընկերության հետ զրույցում Բարաք Օբաման նաև ասել է, որ ՌԴ առաջնորդն անտեսում է Վաշինգտոնի առաջարկները: Նրա խոսքով՝ սահմանափակումներ կան այն հարցում, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները ռազմական ոլորտում ուկրաինական հակամարտության լուծման համար՝ հաշվի առնելով ռուսական ռազմամեքենայի ծավալն ու այն փաստը, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ:

ԱՄՆ-ի նախագահը լավատես չէ Պուտինի հետ բանակցություններում հաջողության հասնելու առումով: 

Ակնարկ

Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին, մասնավորապես, հունվարի 24-ին Մարիուպոլում ռմբակոծությունից հետո Եվրամիությունում սկսեցին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը: ԱՄՆ-ն նաև ՌԴ դեմ տնտեսական ճնշումը ուժեղացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հունվարի 29-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության անդամ-երկրների 28 արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշում է ընդունվել: