Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս համաձառայակցի:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ` ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Նրա համածառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը ձերբակալվել էին հունվարի 30-ին: