ՀՀ օմբուդսմենը Բերձորի բռնության առնչությամբ դիմել է ԼՂՀ իր պաշտոնակցին

16824_987720991242914_1204835096471023975_nՀայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը և գրություն է հղել ԼՂՀ իր պաշտոնակից Յուրի Հայրապետյանին։

«Ցավով տեղեկացանք, որ 2015թ. հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»,- ասված է Կարեն Անդրեասյանի գրության մեջ:

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Մեկնաբանել