2014-ը բարդ էր Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համար. Ուկրաինայի դեսպան

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից:

Անցյալ տարին քաղաքական առումով բարդ էր Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համար: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը, որով անօրինական էր ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին դեմ քվեարկածների թվում էր նաև Հայաստանը:

«Տարին բարդ էր հարաբերությունների համար: Եթե հիշում եք՝ Հայաստանը աջակցել էր Ղրիմի բռնակցմանը, ինչը հետք թողեց մեր երկկողմ հարաբերությունների վրա: Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ կանչեց իր դեսպանին, մենք հայտնեցինք հարցի շուրջ մեր դիրքորոշումը»,- նշել է Կուխտան:

Այդուհանդերձ, ինչպես ասել է Ուկրաինայի դեսպանը, Սերժ Սարգսյանն առաջիններից էր, ով Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել էր Պետրո Պորոշենկոյին:

Դեսպան Կուխտան անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը:

«Մենք հարգում ենք Հայաստանի այդ ընտրությունը: Եվ չնայած նրան, որ Ուկրաինան անցյալ տարի Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր էր ստորագրել, Հայաստան-Ուկրաինա տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ»,- ասել է Կուխտան ու նշել, որ 2013թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 223 մլն դոլար:

Ե՛վ Ուկրաինան, և՛ Հայաստանը, ըստ Իվան Կուխտայի, հակված են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Մեկնաբանել