Հակառակորդը շարունակում է ինտենսիվ խախտել հրադադարը. ԼՂՀ ՊՆ

post4Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, փետրվարի 2-ին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10 հազ. կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան գործողությունների»,- հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: